ՀՖՖ Գործկոմը կարեւոր որոշումներ է ընդունել

19:09   25 մայիսի, 2019

Արմավիրում անցկացված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստի օրակարգում էին Վաղարշապատի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների, ՀՖՖ հերթական ժողովի անցկացման օրվա և վայրի, ՀՖՖ նոր հաստիքացուցակի հարցերը, ինչպես նաև ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի առաջարկը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Գործկոմը որոշեց Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ որպես առանձին ՓԲԸ ձևավորելու 2018 թվականի հունիսի 30-ի ՀՖՖ ժողովի որոշումն անվավեր ճանաչելու և ակադեմիան ՀՖՖ վարչական կառուցվածքի մեջ՝ որպես առանձին ստորաբաժանում ներառելու և դրա հիմքի վրա ԲԿՄԱ ստեղծելու հարցը ներկայացնել ՀՖՖ հաջորդ հերթական ժողովի քննարկմանը:

ՀՖՖ Գործկոմի անդամները քննարկեցին Արմավիրի ֆուտբոլի ակադեմիան «Լանս» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցող ASK ֆրանսիական ընկերությանը 25 տարի ժամկետով օգտագործման հանձնելու առաջարկը: Ընդհանուր առմամբ առաջարկն արժանացավ Գործկոմի անդամների հավանությանը և որոշում ընդունվեց՝ առաջարկել ASK ընկերությանը ներկայացնել առաջարկի մանրամասն նկարագրությունը Գործկոմի հաջորդ նիստին:

ՀՖՖ Գործադիր մարմինը որոշեց անցկացնել ՀՖՖ հերթական ժողովը ՀՖՖ շտաբ-բնակարանում 2019 թվականի հունիսի 26-ին:

Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ նոր հաստիքացուցակը և Ակումբների արտոնագրման գալիք մրցաշրջանի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունը՝ կանանց թիմի ապահովումը սահմանել որպես Ա կարգի պահանջ (այն է՝ պահանջի չկատարումը հանգեցնում է արտոնագրի մերժմանը), իսկ ֆուտզալի թիմի ապահովումը սահմանելով Բ կարգի պահանջ (այն է՝ պահանջի չկատարումը հանգեցնում է կարգապահական տույժի ակումբի նկատմամբ՝ ըստ ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի): 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։