«Փյունիկի» եւ «Արարատ-Արմենիայի» խաղերը կսպասարկեն արտասահմանցի մրցավարներ

16:22   22 մայիսի, 2019

«Արարատ-Արմենիա» - «Արցախ» ֆուտբոլի Հայաստանի առաջնության նախավերջին՝ 35-րդ տուրի խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմ՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Ֆերնանդեսը 2009-ից սպասարկում է Իսպանիայի առաջնության խաղեր, 2013-ից ՖԻՖԱ-ի մրցավար է:

Նույն՝ նախավերջին տուրի «Փյունիկ» - «Արարատ» խաղում եւս կաշխատեն արտասահմանցի մրցավարներ:

Մայիսի 26-ին կայանալիք «Փյունիկ» - «Արարատ» հանդիպման վայրը փոխվել է: Խաղը կանցկացվի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: 

«Արարատ-Արմենիա» - «Արցախ» հանդիպումը տեղի ունենա մայիսի 24-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 34-րդ տուրում տեղի ունեցավ սկանդալային միջադեպ, որը կարող է Երեւանի «Փյունիկին» զրկել չեմպիոնությունից: «Փյունիկի» եւ «Լոռիի» միջեւ Վանաձորում տեղի ունեցած հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Փյունիկի» օգտին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ անորոշ ժամանակով որակազրկել է «Լոռի» - «Փյունիկ» (2:2) խաղը սպասարկած Արտակ Սիմոնյանին:

Այդ ոչ ոքիից հետո առաջատար «Փյունիկը» հավաքեց 57 միավոր եւ 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։