13:12  ,  22 մայիսի, 2019

Ունաի Էմերի. «Լիվերպուլը» լավ օրինակ է «Արսենալի» համար

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, խոսելով «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչի հանդիպման մասին, օրինակ է բերել «Լիվերպուլին»:

«3 տարի առաջ «Լիվերպուլը» Եվրոպայի լիգայի եզրափակիչում էր, իսկ հիմա խաղում է Չեմպիոնների լիգայում: Նրանք լավ օրինակ են մեզ համար: Մենք վերականգնողական փուլում ենք, որպեսզի լավագույն քառյակում լինենք Պրեմյեր լիգայում:

Անգլիական թիմերը հիմա պայքարում են Եվրոպայի լիգայում: Արդեն երրորդ տարին հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Իհարկե, Չեմպիոնների լիգայի ուղեգիրը կարեւոր է, սակայն տիտղոս նվաճելն ավելի կարեւոր է»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնելու մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչին:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում