10:03  ,  22 մայիսի, 2019

«Արսենալի» ավագ. Մխիթարյանը շատ կարեւոր խաղացող է մեր ակումբի համար

Լոնդոնի «Արսենալի» ավագ Լորան Կոսելնին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշումը:

«Տխուր է, որ ստիպված ենք խաղալ առանց առջեւի գծի առաջատարներից մեկի: Կարծում եմ՝ ՈւԵՖԱ-ն պարզապես պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի նախապես, քանի որ դա մեկ օրվա խնդիր չէ: Երբ 2 երկրներ խնդիրներ ունեն իրար հետ, ՈւԵՖԱ-ն եզրափակիչը պետք է չանցկացնի այդ երկրներից մեկում:

Մխիթարյանը շատ կարեւոր խաղացող է մեր ակումբի համար: Անկասկած, մենք շատ ենք ցանկանում, որ նա մեզ հետ լինի այդ եզրափակիչին»,- ֆրանսիացի պաշտպանի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում