22:41  ,  21 մայիսի, 2019

«Փյունիկի» նախագահ․ ՀՖՖ-ի աշխատակիցների մեծ մասը դիմում է բացահայտ սաբոտաժի

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մեկնաբանել է թիմի պաշտոնական հայտարարությունը, որը արվել էր Հայաստանի առաջնության 34-րդ տուրի «Լոռի» - «Փյունիկ» (2:2) խաղից հետո։

«Վերջին տարիներին ամենաանկանխատեսելի առաջնության վերջնամասը մարզական մրցումից վերածվեց անդրկուլիսային պայքարի։ Այդ պատճառով հանդես եկանք հայտարարությամբ։

Վերջին հանդիպումներում սկսվեցին տեղի ունենալ տարօրինակ իրադարձություններ, հատկապես, մրցավարների աշխատանքում՝ ուղղված մեկ թիմի շահերի սպասարկմանը, ինչն առաջացրեց մեծ քանակի սկանդալներ։ Վերջին կաթիլը եղավ «Լոռիի» հետ «Փյունիկի» խաղը, որի մրցավարը բացահայտ աշխատում էր մի ուղղությամբ։

Եթե հասարակական կարծիքը չազդի, ապա այս առաջնությունը կհիշվի որպես ժամանակակից Հայաստանի պատմության ամենասկանդալային եւ անարդարներից մեկը։

Մենք հասկանում ենք, որ եթե լուրջ կառուցվածքային փոփոխություններ չլինեն մրցավարական կորպուսում, կարգապահական կոմիտեում եւ ֆեդերացիայում, առաջնությունը հետընթաց կունենա։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, անհամատեղելի է մարզական մրցման հետ։

Հակառակ դեպքում, հայկական ֆուտբոլը դարձյալ կհայտնվի խավարի մեջ, որտեղ գտնվում էր նախորդ 15-16 տարիներին։ Հույս ունեմ, որ մեր հայտարարությունը կհասնի հանրությանը եւ կօգնի ինչ-որ բան փոխել։

Այո, մեկ տարում ֆեդերացիան լուրջ փոփոխություն է ունեցել, եւ որոշ գործընթացներ դարձել են թափանցիկ։ Բայց, ցավոք, աշխատակիցների մեծ մասը մնացել է նախորդ թիմից, որը դիմում է բացահայտ սաբոտաժի կամ բացահայտ քանդում է հայկական ֆուտբոլի մարզական սկզբունքները։ Այսպես չի կարող շարունակվել։ Մեր հույսը հանրային արձագանքն է եւ երկրպագուների աջակցությունը»,- ասել է Արթուր Սողոմոնյանը Sport24.ru-ին։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» ունի57 միավոր եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Վերջին խաղում «Փյունիկը» մայիսի 26-ին կընդունի հետնապահ «Արարատին»: «Արարատ-Արմենիան» վերջին 2 խաղերն անցկացնելու է «Արցախի» եւ «Բանանցի» հետ եւ միավորներ չկորցնելու դեպքում կդառնա Հայաստանի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս