15:38  ,  21 մայիսի, 2019

Հենրիխ Մխիթարյան. Ստիպված էինք ընդունել բարդ որոշում

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է որոշումը, որի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագը բաց կթողնի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը: Մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:

«Քննարկելով բոլոր տարբերակները՝ մենք ստիպված էինք բարդ որոշում ընդունել Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու վերաբերյալ: Այսպիսի հանդիպում հաճախ չի լինում մեր՝ ֆուտբոլիստներիս կյանքում, եւ ես պետք է խոստովանեմ, որ շատ եմ ցավում այն բաց թողնելու համար: Կերկրպագեմ իմ թիմակիցներին: Եկե՛ք գավաթը տուն բերենք»,- սոցցանցերում գրել է Մխիթարյանը:

Ավելի վաղ «Արսենալը» եւս հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի եւ նրա ընտանիքի հետ:

«Մենք հիասթափված ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Հենրիխը լինի թիմի կազմում, սակայն ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի հետ քննարկումներից հետո եկանք կոլեկտիվ համաձայնության, որը նա չի մեկնի թիմի հետ:

Մենք նամակ ենք գրել ՈւԵՖԱ-ին՝ հայտնելով խորին մտահոգություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հենրիխն առանցքային խաղացող էր եզրափակիչի ճանապարհին, այնպես որ դա մեծ կորուստ է թիմային առումով:

Մենք հիասթափված ենք, որ այդպիսի խաղացողն այսպիսի հանգամանքներում բաց կթողնի եվրագավաթների եզրափակիչը, ինչը հազվադեպ է տեղի ունենում ֆուտբոլիստի կարիերայում: Մխիթարյանը կշարունակի մասնակցել մարզումներին մինչեւ Բաքու մեկնելը»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան վստահեցրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչի մասնակցության հետ կապված խնդիրներ չի ունենա։

«Բաքվում անցկացվել են բազմաթիվ մրցումներ, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Սպորտը քաղաքականությունից դուրս է»,- ասել էր Աբդուլաեւան:

Մայիսի 10-ին ՈւԵՖԱ-ն եւս հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանին ոչինչ չի սպառնում Ադրբեջանում Եվրոպայի լիգայի եզրափակիչի ժամանակ։

«Մենք երաշխիքներ ենք պահանջել, որ Մխիթարյանը ոչ մի խնդիր չի ունենա։ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ Մխիթարյանը Ադրբեջան մուտքի եւ Բաքվում կեցության հետ կապված ոչ մի խնդիր չի ունենա, կձեռնարկվեն անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշվում է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում։

Մխիթարյանը Արդբեջանի սահմանապահների «սեւ ցուցակում» է Արցախ բազմիցս այցելելու պատճառով։ Նախկինում հայ կիսապաշտպանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում