13:35  ,  21 մայիսի, 2019

Ռոբերտ Արզումանյան. Ի՞նչ է սա, եթե ոչ կանխակալ մրցավարություն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, այժմ Երեւանի «Փյունիկի» մարզչական շտաբում աշխատող Ռոբերտ Արզումանյանն անդրադարձել է Վանաձորի «Լոռիի» դեմ Հայաստանի առաջնության 34-րդ տուրի սկանդալային խաղին (2:2): Վանաձորում տեղի ունեցած հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Փյունիկի» օգտին: Այդ դրվագից հետո խաղի գլխավոր մրցավարը դաշտից հեռացրել էր Ռոբերտ Արզումանյանին, որը շատ բուռն էր արձագանքել տեղի ունեցածին:

«Ի՞նչ է սա, եթե ոչ կանխակալ մրցավարություն: Գողություն ուղղակի»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ռոբերտ Արզումանյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լոռիի» դեմ խաղից առաջ «Փյունիկը» խնդրել է փոխել մրցավարին, սակայն ՀՖՖ-ն մերժել է:

Այդ ոչ ոքիից հետո առաջատար «Փյունիկը» հավաքեց 57 միավոր եւ 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Վերջին խաղում «Փյունիկը» մայիսի 26-ին կընդունի հետնապահ «Արարատին»: «Արարատ-Արմենիան» վերջին 2 խաղերն անցկացնելու է «Արցախի» եւ «Բանանցի» հետ եւ միավորներ չկորցնելու դեպքում կդառնա Հայաստանի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում