16:30  ,  14 մայիսի, 2019

ՀԸՖ նախագահ. Միհրան Հարությունյանը տեղ ունի մեր հավաքականում, եթե կատարի Լեւոն Ջուլֆալակյանի պահանջները

Սա աննախադեպ երեւույթ է, մեր ֆեդերացիայում երբեք նման իրավիճակ չի եղել: Միհրան Հարությունյանը մեր հավաքականում տեղ ունի, եթե Լեւոն Ջուլֆալակյանի պահանջով գա եւ մարզվի, մասնակցի մրցաշարերի:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը՝ անդրադառնալով Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Բաքվում անցկացված Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի սկանդալային հայտարարությանը:

«Մենք մեր հավաքականներում ունենք օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, բարձրակարգ մարզիկներ, որոնք միշտ հանդես են գալիս իրենց համեստ ու կոկիկ դիրքորոշումներով: Խնդրում եւ պահանջում եմ բոլոր մարզիկներից, որ հանկարծ իրենց չափի զգացումը չկորցնեն: Դիմում եմ նաեւ լրագրողներին, որ ըմբշամարտի մեջ ինտրիգներ չփնտրեն: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երբեք չի միջամտել հավաքականի խնդիրներին, կազմի որոշմանը: Դա միշտ թողել է մարզիչների վրա: Նման բան գոյություն չունի, որ Գագիկ Ծառուկյանը որոշի կամ պարտադրի Լեւոն Ջուլֆալակյանին կամ մեկ այլ հավաքականի մարզիչին, թե ով պետք է լինի թիմում: Նման դեպք մեր հավաքականում եւ ֆեդերացիայում առաջին անգամ է տեղի ունենում: Բոլորս էլ մեզ վատ ենք զգում, բայց բոլորս էլ մեծահոգի ենք եւ բոլոր մեծ մարզիկների համար տեղ ունենք:

Ես անձամբ զրուցել եմ Միհրանի հետ: Նա ինձանից խորհուրդ հարցրեց MMA տեղափոխվելու եւ ըմբշամարտում մնալու վերաբերյալ: Ես ասացի՝ դու մեծ տղա ես, ինքդ որոշիր: Դա իմ որոշումը չէ՝ մնալ ըմբշամարտում, թե գնալ MMA: Նրան ասացի, որ կարող եմ միայն խորհուրդ տալ լինել այնտեղ, որտեղ իրեն հաճելի է եւ ապագա է տեսնում: Ասաց լավ, ես ֆեդերացիային կպատասխանեմ: Բայց նրա պատասխանը եղավ այն, որ գրեց՝ Օլիմպիական կոմիտեն ինձ համար ոչինչ չի անում, ֆեդերացիան ոչինչ չի անում: Ինձ համար նրա պատասխանն անհասկանալի էր: Ես անձամբ իր հետ այս զրույցն ունեցել եմ: Նա մեր հավաքականում չի եղել փոքր տարիքից: Ուշ է միացել: Միհրանը տեղ ունի մեր հավաքականում: Եթե նա կգա եւ կպատրաստվի այնպես, ինչպես դա պահանջում է հավաքականի գլխավոր մարզիչը, նա տեղ կունենա ազգային հավաքականում: Մնացածն իր խնդիրն է՝ կարող է հարաբերություններ պահել թիմի հետ, թե՝ ոչ: Միայն կասեմ, որ չի կարելի չափն անցնել»,- ասաց ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Օլիմպավանում» տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին ու Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի սկանդալային հայտարարությանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ հարցազրույցում:

Ասուլիսին ներկա էին նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (ՀԸՖ) գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ՀԸՖ փոխնախագահ Սամվել Գեւորգյանը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը եւ ՀԱՕԿ նախագահի խորհրդական, նախկին ըմբիշ Ռոման Ամոյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսներին միացավ նաեւ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ըմբշամարտի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Իմ քայլը» դաշինիքից 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած Արսեն Ջուլֆալակյանը, որը եւս հանդես եկավ ելույթով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում