15:42  ,  14 մայիսի, 2019

Արայիկ Բաղդադյան. Արգելում ենք որեւէ ըմբիշից հարցազրույց վերցնել

Լրագրողներին արգելվում է հավաքականի որեւէ անդամի, ըմբիշի զանգել եւ հարցազրույց վերցնել: Ֆեդերացիան որոշել է այսուհետեւ միայն բաց մարզումների ժամանակ մարզիկներին թույլ տալ հարցազրույցներ տալ:

Այս մասին հայտարարել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

«Ֆեդերացիայում որոշված է, գլխավոր մարզիչի հետ արդեն եկել ենք ընդհանուր համաձայնության, որ ոչ մի մարզիկ այլեւս լրագրողներից որեւէ մեկին հարցազրույց չտա: Ում, ինչ հարց հետաքրքրում է, թող դիմի ֆեդերացիա, եթե բաց մարզում կլինի, կհայտարարվի, նոր այդ ժամանակ մարզիկները հարցազրույցներ կտան: Բայց այլեւս լրագրողներին արգելում ենք որեւէ մարզիկից, հավաքականի անդամից հարցազրույց վերցնել: Մարզիկը դեռ գորգից չիջած՝ հարցազրույց է տալիս, անդադար զանգեր է ստանում: Կլինի բաց մարզում, կգաք եւ ձեր հարցերը կուղղեք մարզիկներին: Ինտրիգային հարցեր մի տվեք՝ սա ոնց էր, ինչու այսպես եղավ, սա այսպես էր ասել: Նման հարցեր մի տվեք: Կա առողջ քննադատություն, համաձայն եմ: Եթե մի բանում թերանում ենք՝ ֆեդերացիան, մարզիչները, դա կարող եք ասել, բայց ոչ թե արհեստական ինտրիգներ մտցնել, լարվածություն ստեղծել:

Միհրան Հարությունյանը լավ ըմբիշ է, օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, բայց մենք թիմում ունենք ավելի փորձառու ըմբիշներ՝ Արսեն Ջուլֆալակյան, Արթուր Ալեքսանյան: Այսօր հավաքականի գլուխը գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն է: Չի կարելի նման մարդու հասցեին այդպես արտահայտվել: Նա ասում է՝ իմ ուզելով է, ես կմարզվեմ, ես կլինեմ հավաքականում, ոչ ոք չի կարող իմ տեղը որոշել: Չի կարող նման բան լինել»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Օլիմպավանում» տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին ու Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի սկանդալային հայտարարությանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ հարցազրույցում:

Ասուլիսին ներկա էին նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (ՀԸՖ) նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ՀԸՖ փոխնախագահ Սամվել Գեւորգյանը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը եւ ՀԱՕԿ նախագահի խորհրդական, նախկին ըմբիշ Ռոման Ամոյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսներին միացավ նաեւ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ըմբշամարտի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Իմ քայլը» դաշինիքից 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած Արսեն Ջուլֆալակյանը, որը եւս հանդես եկավ ելույթով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում