15:19  ,  14 մայիսի, 2019

Լեւոն Ջուլֆալակյանի պատասխանը Միհրան Հարությունյանին

Քանի դեռ ես հավաքականի գլխավոր մարզիչն եմ, որեւէ մարզիկ իրավունք չունի ինքնագլուխ որոշումներ կայացնել: Միհրան Հարությունյանի բոլոր հայտարարությունները սուտ են: Թող իր ականջին օղ անի, իր տեղն ու դիրքը իմանա: Միհրան Հարությունյանը հեքիաթներ է պատմում եւ շոու է անում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը՝ պատասխանելով օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի սկանդալային հայտարարությանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ հարցազրույցում:

«Միհրան Հարությունյանը մի շարք սուտ հայտարարություններ է անում: Նախ ասում է, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո չի վարձատրվել. սա սուտ է: Նա մինչեւ 2017 թվականի երկրորդ կեսը ստացել է ամսական աշխատավարձ: Ասում է՝ ես հավաքներին ընդհանրապես չեմ մասնակցել. եւս մեկ սուտ: Մենք բոլոր փաստաթղթերում ունենք, թե որ հավաքին է եղել, որ հավաքին՝ ոչ: Ասում է՝ պարոն Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունեմ: Գագիկ Ծառուկյանը երբեք չի խառնվել հավաքականի, գլխավոր մարզիչների որոշումներին: Նա երբեք չի միջամտել՝ ով լինի հավաքականում, ով որ մրցաշարին մասնակցի: Ամեն անգամ հայտարարում է, որ նա մեկնեց Բաքու: Մեր հավաքականի առջեւ հարցը դրված է եղել, որեւէ մեկին չի պարտադրվել: Բոլորի իրավունքն է եղել՝ մասնակցել, թե՝ ոչ: Նա գիտեր, որ իր համար անելանելի իրավիճակ է եւ պետք է այս իրավիճակից օգտվել: Բաքու մեկնելը հերոսություն չի համարվում: Ինքնակամ է գնացել, ինչի համար շնորհակալություն են հայտնել նրան: Լավ է արել, գնացել է:

Պահ է լինում, որ ցանկանում ես արհամարհել Միհրան Հարությունյանի հայտարարությունները, քանի որ հասկանում ես, որ մարդը շոու է անում: Բայց կան հարցեր, որոնք, ի վերջո, պետք է լուրջ եւ խիստ պատասխան ստանան: Ինձ բոլորը լավ ճանաչում են: 20 տարուց ավելի գլխավորում եմ ազգային հավաքականը, արդյունքներից բոլոր լավ տեղյակ են, իմ աշխատանքի մեջ երբեք չեմ թերացել, 20 տարվա մեջ մի րոպե չեմ ուշացել մարզումներից, պարտաճանաչ կատարել եմ իմ պարտականությունները եւ, բնականաբար, ունեմ իրավունքներ: Ցանկացած մարզիկ ունի պարտականություններ եւ իրավունքներ: Բայց ինչ-որ մի մարզիկ իրեն դնում է անհասանելի մի հզոր ըմբիշի տեղ, որն ընդհանուր առմամբ ունի երկու մեդալ, քննադատում է մեր հավաքականին: Մեր հավաքականում կարգ ու կանոն կա, մարզիկները պարտավորվում են ենթարկվել այդ կանոններին: Քանի ես հավաքականում եմ, որեւէ մեկն իրավունք չունի ինքնագլուխ որոշումներ կայացնել, օրենքից դուրս քայլեր անել:

Ասում է՝ ես կգամ հավաքականում կմարզվեմ, եթե ինձ վճարեն 3000 եւ ավելի դոլար, հետո նոր կմտածեմ՝ մասնակցել հավաքների, թե՝ ոչ: Նա 3 տարի ոչինչ չի արել, բայց նախապայման է դնում: Ասում է Ռուսաստանում չէին ընդունում, դրա համար եկա Հայաստանի հավաքական, դրանից հետո Լեւոն Ջուլֆալակյանը չէր ցանկանում ընդունել ինձ: Հարց է ծագում՝ ինչն էր պատճառը, որ դու Ռուսաստանի հավաքականում չէիր կարող տեղ ունենալ: Հայաստանի հավաքականը ընդունել եւ ընդունելու է բոլոր լավ մարզիկներին, ովքեր սրտացավ են, ովքեր ուզում են մեր երկրի համար մեդալներ նվաճել, ովքեր նվիրված մարզվում են, համեստորեն ենթարկվում են օրենքներին եւ պահանջներին: Բոլորը հավասար են մեր հավաքականում եւ պարտավոր են ենթարկվել մեր կանոններին: Ով հայտարարում է, որ ինքն ամենաուժեղն է, առանց թիմի հետ մարզվելու գալիս եւ հայտարարում է, որ ուզում է գնալ աշխարհի առաջնություն, մեր հավաքականում նման մարզիկներ երբեք չեն եղել եւ չեն լինի: Թող ինքն իր ականջին օղ անի այս ամենը, քանի որ սրանից հետո այլեւս նրա հայտարարություններին չեմ պատասխանելու: Թող հասկանա իր տեղն ու չափերը չանցնի: Բոլոր մարզիկները պետք է ենթարկվեն սպորտի օրենքներին, պատրաստ լինեն պայքարի: Առանց պայքարի, առանց աշխատանքի որեւէ մարզիկ իրավունք չունի տեղ գտնել հավաքականում:

2015 թվականին Հայաստանի առաջնությունում Միհրան Հարությունյանը չկարողացավ քաշ գցել: Այն մարզիկը, որը չի կարողանում իր քաշն ապահովել, դա պարտոությունից էլ վատ երեւույթ է: Նա շատ տաղանդավոր ըմբիշ է, չեմ թաքցնում: Բայց այդ տաղանդը միայն կարող է աշխատանքի շնորհիվ հասցնել արդյունքների: Որեւէ մեկն իրավունք չունի առանց հավաքների ու մրցումների մասնակցելու ասել, որ գնում է աշխարհի առաջնությանը: Թող իր ականջին օղ անի, թող լավ հասկանա իր տեղն ու դիրքը: Չի կարելի երբեք մարդու համբերությունն անցնել, որ մենք էլ բացենք բոլոր փակագծերը, թե ինքը ով է եւ որտեղից է եկել: Ցանկացած մարդ կարող է մեկ անգամ սխալվել, բայց երբ մարդն արդեն մի քանի անգամ է սխալվում, ուրեմն արդեն խնդիրն իր մեջ է: Մարզիկ եւ մարդ հարաբերությունները եկեք չխառնենք: Եթե կա լավ մարդ, ուրեմն կարելի է նրա հետ խոսել, շփվել, հաց ուտել: Եթե ինքը մարզիկ է, ուրեմն պետք է ապացուցի դա: Մնացած խնդիրներն իրենն է: Նրա ուսի վնասվածքի վիրահատությունը ֆինանսավորվել է: Իրեն ոչ միայն ամսական աշխատավարձ են տվել եւ լուրջ ֆինանսներ, այլեւ պարգեւավճարներ է ստացել: Նա բնակարան է ստացել Երեւանի Աբովյան փողոցի վրա, ամեն քայլափոխին նրան գումար են տվել, իսկ նա ասում է՝ մեր երկրում ինձ չգնահատեցին: Հայաստանում նրան ընդունեցին օլիմպիական չեմպիոնի պես, բայց նա ասում է՝ ինձ չգնահատեցին: Միհրան Հարությունյանը նախկինում երբեք որեւէ խնդիր չի ունեցել հավաքականում: Ես չեմ պատկերացնում, թե նա իր այս բոլոր խոսքերից հետո ինչպես պետք է նայի թիմակիցների աչքերին: Ցանկացած մարզիկի համար դռները բաց են: Ով պատրաստ է ենթարկվելու կարգին ու կանոններին, օրենքներին, նա իր ուրույն տեղն ունի հավաքականում, ով ուզում է լինի»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Մայիսի 14-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած ասուլիսը նվիրված էր Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին ու օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի սկանդալային հայտարարությանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ հարցազրույցում:

Ասուլիսին ներկա էին նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (ՀԸՖ) նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ՀԸՖ փոխնախագահ Սամվել Գեւորգյանը, ՀԸՖ գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը եւ ՀԱՕԿ նախագահի խորհրդական, նախկին ըմբիշ Ռոման Ամոյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսներին միացավ նաեւ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ըմբշամարտի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Իմ քայլը» դաշինիքից 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած Արսեն Ջուլֆալակյանը, որը եւս հանդես եկավ ելույթով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում