15:33  ,  12 մայիսի, 2019

Արթուր Պետրոսյանը հեռացավ «Լոռիից»

Արթուր Պետրոսյանը մայիսի 12-ին ներկայացրել է Վանաձորի «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու դիմում, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: Գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Վահե Գեւորգյանը, որն աշխատում էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում, փոխանցում է ակումբի կայքը:

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը եւ անձամբ ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանին այստեղ աշխատելու հնարավորության համար:

Որպես մարզիչ անձամբ իմ առջեւ «Լոռիի» հետ եվրագավաթային ուղեգիր նվաճելու խնդիր էի դրել, որ ցավոք չի հաջողվում իրագործել: Ի սրտե ցանկանում եմ հաջողություն մաղթել այն մարզիչին, որը ինձնից հետո կզբաղեցնի «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Լոռին» կկարողանա լուծել իր առջեւ դրված խնդիրները:

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ակումբի բոլոր աշխատակիցներին սրտացավ եւ հոգատար աշխատանքի համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ակումբի երկրպագուներին, որոնք մշտապես թիմի կողքին էին եւ աջակցում էին թե՛ լավ, թե՛ վատ պահերին: Հուսով եմ, որ ակումբը շատ շուտով կարդարացնի Ձեր բոլոր ակնկալիքները:

Մաղթում եմ, որ մոտ ապագայում «Լոռին» հասնի մեծ հաջողությունների եւ ուրախացնի ակումբի բոլոր երկրպագուներին»,- Արթուր Պետրոսյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը «Լոռին» գլխավորում էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ից: Նրա գլխավորությամբ «Լոռին» հասավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվեց «Ալաշկերտին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում