15:41  ,  10 մայիսի, 2019

Եվրոպայի լիգա․ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Վալենսիայի» դեմ խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը իսպանական «Վալենսիայի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։

Մխիթարյանը դարպասին հարված չի կատարել, նրա 16 փոխանցումից 87,5 տոկոսը հասել է թիմակիցներին։

30-ամյա ֆուտբոլիստը կատարել է մեկ առանցքային փոխանցում, մեկ անգամ խլել է գնդակը, երկու անգամ կասեցրել է մրցակցի գրոհները։ Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ նույնպես կանոնների խախտում չի եղել։

Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը, «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է հեթ-տրիկի հեղինակ դարձած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 10։

Հիշեցնենք, որ իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթել է 4։2 հաշվով եւ դուրս է եկել եզրափակիչ։ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 62-րդ րոպեին եւ դարձել գոլային փոխանցման հեղինակ։

Մայիսի 29-ին Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում