09:12  +04,  10 մայիսի, 2019

Միհրան Հարությունյան․ Լեւոն Ջուլֆալակյանը չէ, որ պետք է որոշի՝ ես տեղ ունեմ հավաքականում, թե ոչ

Լեւոն Ջուլֆալակյանը չէ, որ պետք է որոշի՝ ես տեղ ունեմ հավաքականում, թե ոչ։ Ես ինքս կնվաճեմ իմ տեղը ազգային հավաքականում, այնպես, ինչպես դա արեցի 2013 թվականին, երբ նույն Լեւոն Ջուլֆալակյանը կրկին չէր ցանկանում ինձ։

Այս մասին մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայից ասաց Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, MMA մարզիկ Միհրան Հարությունյանը։  

Մայիսի 17-ին տեւական դադարից հետո Միհրան Հարությունյանը կրկին դուրս կգա ըմբշամարտի գորգ։ Կրանսոդարում տեղի կունենա «Չեմպիոնների գավաթ»  ըմբշամարտի մրցաշար, որը կազմակերպում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի անդամ Ստեփան Մարյանյանը։ Այդ մրցաշարին մասնակցելու մասին Միհրան Հարությունյանը հայտնել է սոցցանցերում՝ գրառում կատարելով իր վերադարձի մասին։

Միհրան, 3 տարվա դադարից հետո քեզ կրկին կտեսնենք ըմբշամարտի մրցագորգում։ Ի՞նչ մրցաշար է լինելու Կրասնոդարում եւ ինչո՞ւ որոշեցիր մասնակցել։

Մայիսի 17-ին Կրանսոդարում մասնակցելու եմ «Չեմպիոնների գավաթի», որի նախաձեռնողը Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, իմ ընկեր Ստեփան Մարյանյանն է։ Հենց նա է ինձ հրավիրել մասնակցելու այս մրցաշարին, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես նախատեսում էի ինչ-որ ձեւով կազմակերպել վերադարձս, արդեն հայտարարել էի, որ մայիսին պատմության նոր էջ ենք բացելու, եւ սա հրաշալի հնարավորություն եղավ ինձ համար վերադառնալու։ Դեռ չգիտեմ՝ ով է լինելու մրցակիցս, բայց խնդրել եմ, որ յուրահատուկ ընտրություն լինի իմ մրցակցի հարցում՝ որեւէ զիջում չլինի, թույլ մրցակից չլինի, կամ հատուկ այս տեւական դադարի համար թույլ ըմբիշի չընտրեն։ Սա հատուկ նրա համար եմ ընգծել, որ հետագայում չասեն՝ թույլ մրցակցի հետ էր գոտեմարտում այդ պատճառով էլ հաղթեց։ Ես ուզում եմ իրական գոտեմարտ լինի, մրցակիցս ուժեղ եւ արժանի լինի։ Արդեն մեծ թափով սկսել եմ մարզումներս, ինձ հետ լավագույն մասնագետներն են աշխատում։ Առայժմ դադարեցրել եմ խառը մենամարտերի մարզումներս եւ այժմ զբաղվում եմ միայն ըմբշամարտով։

Այս 3 տարիների դադարը չի՞ անհանգստացնում։ Մտավախություն չունե՞ս։

Մի փոքր անհանգստանում եմ, քանի որ երկար ժամանակ գորգ դուրս չեմ եկել, մրցման չեմ մասնակցել, մարզումներս ըմբշամարտի վրա կենտրոնացած չեն եղել։ Այս ընթացքում ես շեշտը դրել եմ MMA-ի վրա, հենց այս պատճառով մտահոգվում եմ, թե ինչպես կանցնի գոտեմարտս։ Հոգեբանորեն լարժեք պատրաստ եմ նորից գորգ դուրս գալ եւ անհամբեր սպասում եմ այդ օրվան։

Փաստացի հայտարարում ես, որ սա քո վերադարձն է ըմբշամարտ․․․

Այո։ Վստահ եմ վեադառնում եւ անհրաժեշտություն եմ համարում իմ վերադարձը, քանի որ եթե կանգնում ես մի ճանապարհին, պետք է մինչեւ վերջ գնաս։ Իմ այս ճանապարհի վերջը Տոկիո-2020-ն է։ Ես պետք է վերցնեմ այն, ինչ ինձ է պատկանում։  

Բայց այս պահին հավաքականի անդամ չես։ Ինչպե՞ս ես նորից նվաճելու հավաքանում քո տեղը։

Ես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ունեմ պայմանավորվածություն․ երբ ես վերադառնամ ըմբշամարտ, ինձ տրվելու է հնարավորություն մրցաշարերից մեկում գորգ դուրս գալ այս պահին իմ քաշային կարգում Հայաստանի առաջին համարի հետ (Միհրան Հարությունյանի քաշային կարգում՝ 67 կգ, Հայաստանի առաջին համարը Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանն է,- ԼՇ

Ենթադրում եմ, որ այդ մրցաշարը եւ հանդպիպումը կլինի մինչեւ այս տարվա աշխարհի առաջնությունը, կամ գուցե ավելի ուշ։ Այդ մրցաշարում մենք կորոշենք, թե ով է մեզանից ավելի ուժեղ եւ ով կստանա հնարավորություն շարունակելու պայքարը օլիմպիական ուղեգրի համար։ Բայց սա չի նշանակում, որ ես փնտրում եմ հեշտ ուղիներ․․․ Ես պատրաստ եմ ցուցադրել իմ հնարավորությունները որպես մարզիկ, որպես հավաքականի անդամ։ Ես չեմ ցանկանում հավաքականի անդամ դառնալու սիստեմին դեմ գնալ, բայց ես ունեմ իմ անձնական մոտեցումը հավաքականը համալրելու տարբերակի հարցում։ Այն ժամանակ, երբ ես նոր էի պատրաստվում հանդես գալ Հայաստանի հավաքականից, ես ինքնուրույն եմ մարզվել, պատրաստվել, նվաճել իմ տեղը հավաքականում։ Թիմի հետ չեմ մարզվել։ Միայն Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ եմ մարզվել թիմի հետ։ Ինձ համար միեւնույն է՝ ինձ ով է հավաքականում ուզում, կամ՝ ով չի ուզում։ Եթե ես ուզում եմ մասնակցել Օլիմպիական խաղերին, մեկնել Տոկիո եւ այնտեղ բարձր արդյունք անել, ես դա կանեմ․․․ Ինձ որեւէ մեկի կարծիքը, տրամադրվածությունը չի կարող խանգարել։ Այս պարագայում արդեն բացարձակ էական չէ՝ ինձ ուզում են հավաքականում, թե ոչ․․․

Լեւոն Ջուլֆալակյանը մեկ անգամ քո մասին NEWS.am Sport-ի հարցին հայտարարեց, որ աշխարհում չկա մի հավաքական, որի անդամները տանը նստած պատրաստվեն։

Եթե այդ արտահայտությունն իմ հասցեին է ուղղված եղել, ես միայն կարող եմ ասել, որ 3 տարի անց Լեւոն Ջուլֆալակյանի մոտ հրաշալի հումորի զգացում է արթնացել։ Նա նույնիսկ այդ հարցի շուրջ հումոր է արել, իբր նույն հաջողությամբ Վաղինակ Գալստյանին, Կարեն Մնացականյանին կարող են հրավիրել։ Ես ուղղակի չեմ հասկանում՝ Լեւոն Ջուլֆալակյանն այդքան նեղվո՞ւմ է իմ վերադարձից։ Նեղվո՞ւմ է, որ ես տանը նստած կարող եմ գորգում հաղթել բոլոր իր սաներին, ում նա պատրաստում է․․․Սա՞ է նրան անհանգստացնում։ Ես այս հարցի շուրջ նրա հետ դեռ կզրուցեմ անձնական հանդիպման ընթացքում, իսկ գորգում նրան կապացուցեմ, որ տանը նստած կարող եմ հաղթել հավաքականի բոլոր անդամներին, ում նա ամեն օր մարզում է։

Ի դեպ՝ հետեւե՞լ ես Եվրոպայի առաջնությանը։

Ոչ լիարժեք, քանի որ այդ օրերին միանգամից երեք Եվրոպայի առաջնություններ էին ընթանում՝ ըմբշամարտ, ծանրամարտ եւ մարմնամարզություն։ Փորձել եմ հնարավորինս իմ հայրենակիցների ելույթներին հետեւել, նրանց աջակցել։ Հունահռոմեականների արդյունքների մասին ոչինչ ասել չեմ կարող։ Եթե բրոնզե մեդալով նրանք բավարարվում են, ուրեմն ավելացնելու ոչինչ չունեմ․․․Ինչպես հասկանում եմ՝ հավաքականում սկսել են լավ մեդալների քանակ հաշվել, այլ ոչ թե դրանց հարկը, թե ով, քանի մեդալ է նվաճել՝ սա 10, նա 20, Միհրան Հարությունյանը՝ 2։ Ինձ ապշում եմ, երբ մարդիկ սկսում են իրենց ամենագետի տեղ դնել․․․ Ու՞ր էին այդ նույն մարդիկ, հավաքականի այդ նույն անդամները Բաքվի Եվրոպական խաղերում։ Լեւոն Ջուլֆալակյանն ու իր 10-20 մեդալ նվաճած սաներն ո՞ւր էին, երբ մենք գնում էինք Բաքու։ Հիմա ի՞նչ, գնացել, Եվրոպայում 3-րդ տեղն են զբաղեցրել եւ հպարտանո՞ւմ են։

Այո, ես նվաճել եմ երկու մեդալ այսքան ժամանակ, բայց դրա մասին այլեւս երբեք չեմ խոսել, քանի որ դրանք վաղուց արդեն պատմություն են։ Երբեք չեմ մատնանշել որեւէ մեկի մոտ իմ նվաճած երկու մեդալների մասին։ Այդ նույն մարզիկները քանի տարի են հանդես գալիս հավաքականի կազմում իմ համեմատ․․․ 4 տարի ինձ Ռուսաստանում թույլ չտվեցին հանդես գալ, 3 տարի էլ  տուժեցի մարզական քաղաքացիությունս փոխելու համար։ 7 տարի ես կորցրեցի, իսկ այդ նույն մարզիկները տարիներով մրցաշարեր մասնակցելու հնարավորություն ունեն ու դեռ շարունակում են հպարտանալ Եվրոպայի բրոնզե մեդալներով։ Ինձ հետ այդպես չի լինելու։ Ինչեւէ․․․ Լեւոն Ջուլֆալակյանը չէ, որ պետք է որոշի՝ ես տեղ ունեմ հավաքականում, թե ոչ։ 2013 թվականին էլ ինձ չէր ցանկանում Լեւոն Ջուլֆալակյանը, բայց ես վաստակեցի իմ տեղը իմ հավաքականում։ Այս անգամ էլ այդպես կլինի։ Եթե ինձանից որեւէ մեկն ուժեղ կգտնվի, զենքերս վայր կդնեմ ու նույնիսկ կաջակցեմ, ինչով կարող եմ։ Մայիսի 17-ին բոլորի հիշողությունները կթարմացնեմ եւ կապացուցեմ, թե տանը նստած ինչ մարզավիճակում կարող եմ լինել։

Նշեցիր, որ ունես պայմանավորվածություն ՀԱՕԿ նախագահի հետ։ Մի փոքր մանրամասնիր։

Մենք ունենք փոխհամաձայնություն Գագիկ Ծառուկյանի հետ։ Այնպես չի, որ նա ինձ տեղ է խոստացել հավաքականում։ Ես պետք է ինձ դրսեւորեմ, ցույց տամ, որ արժանի եմ համալրել հավաքականը, լավ մարզավիճակում եմ, իսկ նա ինձ խոստացել է տալ հնարավորություն։ Նաեւ զրուցել եմ Հայաստանի սպորտի նախարարի հետ, այնպես որ ամեն ինչ ուժի մեջ է եւ ես վերադառնում եմ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով