12:09  ,  9 մայիսի, 2019

Լուկաս Մոուրա. Կյանքիս լավագույն պահն է (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Ամստերդամի «Այաքսի» դարպասը 3 գնդակ ուղարկելուց հետո կիսվել է տպավորություններով: Մոուրայի հեթ-տրիկի շնորհիվ «Տոտենհեմն» արտագնա հաղթանակ էր տարել 3:2 հաշվով եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր:

«Հնարավոր չէ բացատրել, թե ինչ եմ զգում: Շատ երջանիկ եմ եւ հպարտ իմ թիմակիցներով: Միշտ հավատացել ենք այս պահի իրականությանը, որ այն հնարավոր է: Ներդրեցինք բոլոր ուժերը եւ արժանացանք հաղթանակի: Մենք ընտանիք ենք: Դա հնարավոր չէ բացատրել, հնարավոր չէ: Ֆուտբոլը մեզ տալիս է այսպիսի պահեր, երբ մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել դա: Պետք է վայելենք դա: Նայեք ինձ. սա կյանքիս ու կարիերայիս լավագույն պահն է»,- Մոուրայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Ամստերդամում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսից հետո «Այաքսը» հաղթում էր 2:0 հաշվավ, սակայն ընդմիջումից հետո բրազիլացի կիսապաշտպանը դարձավ 3 գոլի հեղինակ: Երրորդ գոլը նա խփեց ավելացված ժամանակի 6-րդ րոպեին:

Առաջին խաղում «Տոտենհեմը» տնային պարտություն էր կրել նվազագույն հաշվով: Դիմակայությունում գրանցվեց 3:3 հաշիվը, եւ անգլիական ակումբը եզրափակիչ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած 3 գոլերի շնորհիվ:

Հունիսի 1-ին Մադրիդում կայանալիք եզրափակիչում «Տոտենհեմի» մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը», որը 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս էր թողել «Բարսելոնային» (0:3, 4:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում