19:09  +04,  7 մայիսի, 2019

Նայջել Շորթ․ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամենաուժեղ ֆեդերացիաներից մեկն է ՖԻԴԵ-ում

Աշխարհի չեմպիոն Տիգրան Վ. Պետրոսյանը  իմ հետ խաղում չհաշտվեց պարտության հետ եւ չսեղմեց իմ ձեռքը, այդ պատճառով իմ սիրելի հայ շախմատիստը Լեւոն Արոնյանն է։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՖԻԴԵ-ի փոխնախագահ, հայտնի անգլիացի գրոսմայստեր Նայջել Շորթը:

Ծաղկաձորում մեկնարկած շախմատի միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով ՖԻԴԵ-ի փոխնախագահը ժամանել է Հայաստան:

Պարոն Շորթ, որքանով եք կարեւորում նման գիտաժողովների անցկացումը եւ  ի՞նչ գնահատական կտաք «Շախմատը դպրոցում» ծրագրի արդյունքներին Հայաստանում:

Նման գիտաժողովները շատ արդյունավետ են եւ անհրաժեշտ ոլորտի համար: Նախ՝ սա մտքերի փոխանակում է: Տարբեր երկրներում կան այլ զարգացումներ եւ սա շատ լավ հնարավորություն է ծանոթանալ տարբեր երկրների ծրագրերին: Հայաստանում ծրագրի արդյունքները գովելի են: Բայց հարկ եմ համարում նշել, որ այն, ինչն աշխատել է Հայաստանում, պարտադիր չէ, որ աշխատի այլ երկրներում: Կա քաղաքական, կրթական համակարգերի տարբերություն Հայաստանի եւ մյուս երկրների միջեւ: Այս առումով հնարավոր է, որ Հայաստանում հաջողություն գրանցած ծրագիրը չաշխատի մեկ այլ երկրում:

Հայաստանի դերը ՖԻԴԵ-ում ինչպիսի՞ն է այժմ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամենաուժեղ ֆեդերացիաներից մեկն է ՖԻԴԵ-ում: Իհարկե, կան ավելի մեծ ֆեդերացիաներ, սակայն Հայաստանն ուժեղ է եւ մեծ դեր ունի ՖԻԴԵ-ում: Լավ հարաբերություններ ունենք ֆեդերացիայի նախագահի հետ եւ հավատում ենք, որ նա կշարունակի զարգացնել շախմատը Հայաստանում: Ֆեդերացիայի ներկայացուցիչները շատ կարեւոր պաշտոններ են զբաղեցնում ՖԻԴԵ-ում: 199+1 ֆեդերացիա ունենք եւ հասկանալի է, որ հայերը չեն կարող բոլոր պաշտոնները վերցնել ՖԻԴԵ-ում: Հայաստանի ֆեդերացիան շատ մեծ դեր ունի եւ մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում շախմատն այսքան մեծ կարեւորություն ունի:

Ձեր ամենասիրելի հայ շախմատիստն ո՞վ է:

Հայաստանում իմ ֆավորիտը Լեւոն Արոնյանը, եւ ես ունեմ փոքրիկ պատմություն այս առիթով. 13 տարեկանում Լոնդոնում հանդիպեցի Տիգրան Վ. Պետրոնյանին: Նա միաժամանակյա սեանս էր անցկացնում, եւ ես մասնակցում էի այդ սեանսին: Ես հաղթեցի Տիգրան Պետրոսյանին այդ սեանսում եւ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Տիգրան Վարդանի Պետրոսյանը տեսավ, որ ես իրեն հաղթեցի ու չեմպիոնին ոչ վայել պահեց իրեն. նա խաղից հետո չսեղմեց իմ ձեռքը եւ պարզապես ֆիգուրները դեպի ինձ հրեց՝ հեռացնելով խաղատախտակից: Ես դրանից վիրավորվեցի եւ ինձ համար դա չեմպիոնի պահվածք չէր: Հենց այս պատճառով իմ սիրելի հայ շախմատիստը Լեւոնն է:

Խաղացե՞լ եք Լեւոն Արոնյանի հետ:

Բազմիցս խաղացել ենք: Նրա հետ շատ հետաքրքիր է շախմատ խաղալ: Վերջին շրջանում արդեն սկսել եմ պարտվել Լեւոնին: Վերջին անգամ այս տարի հունվարին Ջիբլարթարում եմ պարտվել:

Հայ շախմատիստներն ամենահայրենասերն են աշխարհում: Հայերը թիմային մրցաշարերում ուղղակի իրենց հնարավորություններից շատ ավելի ուժեղ են հանդես գալիս: Հենց հայրենասիրությունն է նրանց մղում դրան: Ինձ հիացնում է նրանց միասնականությունը: Եթե այլ երկրների շախմատիստներ պայքարում են միմյանց հետ, հայերի մոտ դա երբեք չես տեսնի: Երբ մի խաղատախտակի վրա երկու հայ են խաղում, դա ամենահետաքրքիր եւ ամենաուժեղ խաղն է լինում, քանի որ նրանք դառնում են մեկ մարդ եւ խաղում միմյանց համար: Սա հիազքանչ է:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով