17:21  ,  7 մայիսի, 2019

Արայիկ Հարությունյան․ Խնդիրներ ունենք շախմատի դասավանդման եւ ուսուցիչների վերապատրաստման հարցերում

Այս շրջանում խնդիրներ ունենք շախմատի դասավանդման եւ ուսուցիչների վերապատրաստման հարցերում, որոնց կփորձենք հնարավորինս արագ լուծում տալ։ Այս մասին  Ծաղկաձորում ընթացող շախմատի միջազգային գիտաժողովում հայտարարել է  ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«ՖԻԴԵ բարձրաստիճան հյուրերի, աշխարհի տարբեր երկրների ներկայությունն այս գիտաժողովում խոսում է այն մասին, որ ինչպես Հայաստանում, այնպես աշխարհի լավագույն կրթական համակարգ ունեցող երկրներում շախմատի ներդրումը դպրոցներում կարեւորվում է: Հայաստանում շախմատին՝ որպես հանրակթական առարկա, մեծ նշանակություն է տրվում:

Հայաստանը հնարավորինս հետեւում է աշխարհում կրթության ոլորտում առկա տենդենցներին եւ փորձում իր ուրույն տեղը գտնել դրանում: Թե ինչ արդյունքներ կտա շախմատի ներդրումը հանրակրության ոլորտում, ցույց կտան տարիները, բայց ակնհայտ է, որ արդյունքներ արդեն արձանագրվում են:

Ինձ համար շատ ուրախալի է, որ գործըկերներիս հետ քննարկումների ժամանակ նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հանրակրթության ոլորտում շախմատի ներդրման վերաբերյալ, մի շարք գործընկերների հետ քննարկել ենք համագործակցության հնարավորությունը: Նրանցից ոմանք հետաքրքրված են իրենց երկրներում ծրագիրը ներդնելու նպատակով, ինչի հարցում նրանց կօգնեն մեր տեղի մասնագետները: Սմբատ Լպուտյանի եւ ծրագրի ներդնողների հետ ունեցել ենք քննարկումներ եւ արձանագրել մի շարք հարցեր, որոնք, կարծում եմ, կարճ ժամանակ հետո լուծում կստանան»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Միջազգային գիտաժողովը կազմակերպել են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:

Այս գիտաժողովն արդեն երրորդն է «Շախմատը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: Առաջին նմանատիպ միջազգային գիտաժողով կազմակերպվել էր 2014 թվականին Երեւանում:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում