10:15  ,  7 մայիսի, 2019

Լեւոն Ղասաբօղլյանը՝ Ղազախստանում աշխատանքի անցնելու եւ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի մասին

Էստոնական «Տրանս Նարվա» ակումբի, Երեւանի «Արարատի», «Կիլիկիայի», «Ուլիսի» ու Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լեւոն Ղասաբօղլյանը նախորդ տարվա հուլիսից մարզչական գործունեությամբ է զբաղվում Ղազախստանում:

NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում 33-ամյա մարզիչը պատմեց Ղազախստան տեղափոխության մասին:

«Գործնական առաջարկ ստացա Ղազախստանից եւ որոշեցի տեղափոխվել այստեղ: Դրանից առաջ աշխատում էի Երեւանի «Արցախի» մարզչական շտաբում: Երբ ակումբի ղեկավարության որոշմամբ Արմեն Սանամյանը հեռացավ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից, ես եւս շնորհակալություն հայտնեցի ակումբի ղեկավարությանը եւ հեռացա թիմից: Շարունակում եմ հետեւել «Արցախի» ելույթներին, Հայաստանում տեղի ունեցող ֆուտբոլային իրադարձություններին եւ շատ եմ ուրախանում հաջողություններով: Այդ ժամանակ Տիգրան Պետրոսյանի հետ աշխատում էի նաեւ Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականում: Հետո որոշվեց միավորել 2 հավաքականները եւ այնպես ստացվեց, որ ես հեռացա թիմից: Դրանից հետո որոշ ժամանակ չէի աշխատում եւ Ղազախստանից ստացված առաջարկը եղավ ճիշտ ժամանակին:

Ղազախստանում նախ աշխատեցի «Ալաշ» ակումբում, որը նորաստեղծ մանկապատանեկան ակադեմիա է եւ ունի հեռանկարային ծրագրեր: Նրանց նպատակն է ֆուտբոլիստներ պատրաստել տարբեր տարիքային հավաքականների համար: Երեւանում կայանալիք ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի մասնակցության համար ձեւավորված Ղազախստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը կազմվել է հենց իմ թիմի բազայի վրա: Առաջարկ եղավ, որ հենց ես գլխավորեմ այդ թիմը, սակայն «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային ծրագրի 7-րդ մրցաշրջանի պատճառով շատ զբաղված եմ եւ չէի կարող համատեղել 2 աշխատանքները: Ես այդ ծրագրի ռեգիոնալ կազմկոմիտեի անդամ եմ: Այս պահին  դադարեցրել եմ ակտիվ գործունեությունն «Ալաշ» ակումբում: Անկեղծ ասած, արդեն ցանկանում եմ ուժերս փորձել ոչ թե պատանեկան թիմերում, այլ՝ մեծահասակների: Շատ ուրախ եմ նաեւ, որ իմ նախկին 5-6 սաներ ընդգրկվել են Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականում»,- նշեց Լեւոն Ղասաբօղլյանը:

Երիտասարդ մասնագետը պատմեց նաեւ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի նպատակների ու առաքելության մասին: Ծրագրի 7-րդ մրցաշրջանը տեղի կունենա մայիսի 28-ից հունիսի 2-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Այս տարի եւս Հայաստանը կունենա ներկայացուցիչ:

«Արդեն երրորդ տարին մասնակցում եմ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին: Այս տարի ձեւաչափը փոխվեց, եւ յուրաքանչյուր երկիր կունենա ոչ թե մեկ խաղացող, այլ՝ 3: Ընդ որում՝ 3 մասնակիցներից մեկը պետք է լինի աղջիկ: Այդ պատճառով մենք ընտրեցինք Երեւանի «Բանանց» ակումբը, որն ունի աղջիկների թիմեր: Շնորհակալ եմ «Բանանցին» արձագանքելու եւ մեզ ամեն հարցով օժանդակելու համար:

Մադրիդում ծրագրի մասնակիցները ներկա կլինեն նաեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին եւ կհանդիպեն աստղային ֆուտբոլիստների: Կարծում եմ՝ դա շատ հետաքրքիր կլինի պատանի ֆուտբոլիստների համար: Այստեղ այնքան էլ կարեւոր չէ, թե որ թիմերը կհաղթեն, այլ կարեւոր է երեխաների շփումն ու այդ ամենը տեսնելը: Նրանք ամբողջ կյանքում կհիշեն դա: Կցանկանայի, որ մեր լրատվամիջոցներն ավելի ակտիվ լուսաբանեին այս միջոցառումը, քանի որ մյուս երկրներում այդպես է: Շատ կարեւոր է, որ երեխաները զգան այդ ուշադրությունը:

Մաիսի 16-ին կժամանեմ Հայաստան: Կան որոշ աշխատանքներ, որոնք պետք է կատարենք երեխաների հետ: Հույս ունեմ, որ այնտեղից կվերադառնանք լավ արդյունքներով ու տրամադրությամբ»,- նշեց Լեւոն Ղասաբօղլյանը:

Նշենք, որ Լեւոն Ղասաբօղլյանը Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին է: Հայաստանում նա մարզական կարիերան սկսել է «Փյունիկի» մարզադպրոցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում