13:24  ,  5 մայիսի, 2019

Մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ունենա երկրորդ օլիմպիական մարմնամարզուհի․ Լիզա Չաթրջյան

Մեծ հավանականություն կա, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարում Հայաստանն ունենա ներկայացուցիչ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Լիզա Չաթրջյանը:

Հայաստանի պատմության մեջ սպորտային մարմնամարզության առաջին եւ միակ կին օլիմպիականը եղել է ամերիկահայ Հուռի Գեբեշյանը: Մարմնամարզուհին մասնակցեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերին եւ իր անունով տարր գրանցեց զուգահեռ պտտաձող վարժությունում: Այս օրերին Հուռի Գեբեշյանը Հայաստանում է եւ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում մեկ ամիս մարզչական աշխատանքով կզբաղվի կանանց հավաքականի հետ:

NEWS.am Sport-ի հետ հանդիպման ընթացքում Հուռին Գեբեշյանը պատմեց, որ ամերիկահայ մի աղջիկ ցանկություն ունի Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ներկայացնել Հայաստանը: Մարմնամարզուհին աշխատում է Գեբեշյանի հետ ԱՄՆ-ում:

Տիկին Չաթրջյան, Հուռին պատմեց, որ հնարավոր է օլիմպիական ունենանք Տոկիո-2020-ում :

Այո, մեծ հավանականություն կա, որ երկրորդ օլիմպիականն ունենանք: Մեզ համար սա շատ կարեւոր է եւ, բնավ, չենք ընկճվում, որ մարմնամարզուհիները օտար երկրից են: Հասկանալի է, որ մենք այստեղ չունենք լավ պայմաններ, մեր մարզադպրոցի մարզագույքը լիարժեք չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Կարեւոր չէ, թե մարզուհին որ երկրից է, կարեւորն այն է, որ լինի մարզուհի, որ ցանկություն կհայտնի ներկայացնել Հայաստանը: Շատ ուրախ կլինենք եւ մեզ համար մեծ պատիվ կլինի, որ Հուռի Գեբեշյանից հետո լինեն մարզուհիներ, ովքեր ցանկություն ունենան հանդես գալ մեր հավաքականից:

Ի՞նչ ներուժ կա կանանց մարմնամարզությունում: Ի՞նչն է պակասում մարմնամարզուհիներին միջազգային մրցաշարերում, խոշոր առաջնություններում մրցունակ լինելու համար: Ի՞նչն է խոչընդոտում կանանց մարմնամարզության զարգացման համար:

Մենք ունենք միայն Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց: Կանանց մարմնամարզությունը կենտրոնացած է այս մարզադպրոցում: Կցանկանայինք, որ շատ լինեին սպորտային մարմնամարզության կանանց մասնագիտացված խմբեր, որպեսզի մրցակցությունն էլ լիներ: Աղջիկներ ունենք նաեւ Գյումրիում: Այնտեղ մարզագույքն այդքան էլ լավ վիճակում չէ, բայց լավ աղջիկներ ունենք այնտեղից եւ հրաշալի աշխատում են: Խնդիրներից մեկը հենց մարզադպրոցների, բազայի պակասն է: Ունենք շուրջ 150 մարզվող երեխաներ, պատանիներ,  երիտասարդներ: Հրաշալի երիտասարդներ ունենք, որոնց այն տարիքն է, երբ պարբերաբար պետք է մասնակցել մրցաշարերի, փորձ ձեռք բերել:

Մասնակցո՞ւմ եք մրցաշարերի:

Ոչ, առայժմ չի ստացվում, բայց դա ցանկություն է, նպատակ: Երիտասարդները պետք է շատ մասնակցեն: Ինչ խոսք, մեծահասակների մեջ էլ ունենք շատ լավ աղջիկներ, որոնք պատրաստ են մրցաշարերի: Ինչ վերաբերում է երիտասարդներին՝ նրանք նոր պետք է սկսեն եւ շատ է նրանց անհրաժեշտ, որպեսզի արդեն փորձ ձեռք բերեն միջազգային մրցաշարերում:

Ֆինանսական խնդի՞րն է, որ չեք մասնակցում մրցաշարերի, թե՞ աղջիկները դեռ մրցունակ չեն միջազգային մրցասպարեզում:

Մրցունակ են, բայց հասկանալի է, որ առաջին անգամ մասնակցելով մեդալներ չեն նվաճելու, բարձր արդյունքներ չեն գրանցելու: Այս երեխաները դեռ պետք է մի քանի անգամ փորձեն, ծանոթանան դրսի մրցակցությանը: Արդեն շեշտեցի՝ խնդիրներից մեկը հենց մեկ մարզադպրոցում կենտրոնացած լինելն է. Աղջիկները միասին են մշտապես մարզվում, բոլորը ծանոթ են միմյանց ծրագրերին, հնարավորություններին, մարզումների ընթացքում տեսնում են՝ ով ինչ է անում, ինչպես եւ որքան է կարողանում անել: Իսկ նրանց հարկավոր է տեսնել ավելին, ավելի շատ անող մարմնամարզուհիների: Եթե հնարավորություն ունենան մասնակցել մրցաշարերի, կտեսնեն, որն այնտեղ իրենցից շատ անողներ կան, պետք է ձգտել, հասնել, աշխատել:

Ֆինանսի խնդիրն էլ ունենք, բայց հասկանալի է, որ ֆեդերացիայի բյուջեն կենտրոնացված է տղաների հավաքականի վրա: Բնական է, որ մեր տղաներն այսօր աշխարհի ուժեղագույներից են, հաճելի է, որ մեծ հաջողություններ ենք ունենում: Կարծում եմ, որ աղջիկներին մրցաշարերի տանելու համար ֆեդերացիայի բյուջեն չի բավականացնում: Բայց մի քանի մրցաշարեր կան, որ ամեն տարի աղջիկներից մեկը մասնակցում է: Գտնում եմ, որ սա քիչ է բարձր արդյունքներ ակնկալելու համար: Եթե մեզ հաջողվի փոքր արդյունք էլ ունենալ այդ մրցաշարերում, կարծում եմ՝ կավելացվի մեզ տրամադրվող ֆինանսը եւ մենք էլ արդեն հնարավորություն կունենանք պարբերաբար մրցաշարերի մասնակցել եւ փորձ ձեռք բերել:

Ունենք 6 մարզիչ, գուցե նաեւ սա է պատճառը, որ մեր արդյունքները դեռ չեն բարելավվում:

Նաեւ պայմաններն են խնդիր: Մեր մարզադպրոցի մարզագույքը, պայմաններն այդքան էլ լավը չեն: Մեր մարզագույքը Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի գույքի համեմատ գուցե ավելի լավ վիճակում է, բայց իրականում այս մարզագույքը լիարժեք չի համապատասխանում միջազգային պահանջներին: Մենք հնարավորություն ունենք մարզվել այն ամենով, ինչ ունենք:

Մեկ ամիս Հուռի Գեբեշյանը մարզչություն կանի կանանց թիմում, նաեւ նախատեսում է ամենամյա դարձնել այցը Հայաստան եւ հավաքականների հետ աշխատանքը: Ինչպե՞ս ստեղծվեց համագործակցությունը, ո՞ւմ առաջարկով եւ որքանո՞վ սա կօգնի կանանց սպորտային մարմնամարզությանը:

Հուռին մեր դեռեւս միակ օլիմպիականն է եւ շատ հաճելի է, որ նա այսօր նաեւ աշխատում է մեր հավաքականների հետ: Համագործակցության առաջարկը Հուռիին է: Նա ԱՄՆ-ում, բացի իր մասնագիտությունից, աշխատում է նաեւ որպես մարզիչ: Եվ իր ցանկությունն ու առաջարկն է տարվա ընթացքում մեկ ամիս էլ աշխատել Հայաստանի երեխաների, աղջիկների հետ: Նրա նպատակը Հայաստանում կանանց մարմնամարզությունը զարգացնելն է եւ իր փորձը մեր երեխաներին փոխանցելը: Շատ գովելի է նրա քայլը եւ հաճելի է նրա հետ աշխատել: Հուռին իսկական օրինակ է մեր երեխաների, աղջիկների համար՝ որպես նպատակասլաց եւ բարձր կամային որակներով մարմնամարզուհի: Իր հերթին նա ոչինչ չի խնայում երեխաներին իր փորձը փոխանցելու, սովորեցնելու համար: Աշխատում է բոլորի հետ, անհատական մոտեցում ցուցաբերում յուրաքանչյուրին: Երեխաները, աղջիկները սիրում են Հուռիին, նա նույնպես սիրով հաճախում է մարզումներին: Սա նաեւ լավ փորձ է մեր մարզչական խմբի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով