23:50  ,  4 մայիսի, 2019

Գեղասահքի Հայաստանի բաց առաջնության հաղթողները. Ամփոփում է ֆեդերացիայի նախագահը (ֆոտո)

Գեղասահքի Հայաստանի առաջնության մրցավարական կազմի անդամները բոլորը դրսից են, որպեսզի մրցումները խաղաղ անցնեն եւ զերծ մնանք «համաշխարհային պատերազմներից»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: 

Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մայիսի 3-4-ն անցկացվեց Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի ու եւս 7 երկրների 103 գեղասահորդներ: Հայաստանի առաջատար գեղասահորդներից առաջնությանը մասնակցեց միայն Սլավիկ Հայրապետյանը: Անաստասիա Գալուստյանը հարգելի պատճառներով հրաժարվել է մասնակցությունից: 

Հայաստանի բաց առաջնության տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Սլավիկ Հայրապետյանն է: Տղամարդկանց մենասահքի պայքարում Սլավիկ Հայրապետյանից բացի այլ մասնակից չկար: Կանանց պայքարում հաղթեց Մարինա Ասոյանը, որին հաջորդեցին Իզաբելա Դավթյանն ու Մոնիկա Ղեւոնդյանը: Տարբեր տարիքային խմբերում հաղթողներ դարձան նաեւ Միքայել Սալազյանը (basic novice), Վերա-Մարինա Սիմոնյանը (basic novice), Լիանա Ֆանաջյանը (cubs), Մարկ Հակոբյանը (cubs boy), Նադյա Վարդանյանը (chiks A) եւ Նատալի Ղազարյանը (chiks beginners):  

Հայաստանի բաց առաջնության գլխավոր մրցավարն էր ISU-ի փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը: Առաջնության հատուկ հյուրը համաշխարհային գեղասահքում հայտնի մարզիչ Ռաֆայել Հարությունյանն էր:

«Հայաստանի բաց առաջնությանը մասնակցեցին 103 գեղասահորդներ: Ճիշտ է՝ ամեն երկրից կար 1-2 մասնակից, բայց ուժեղ գեղասահորդներ են եւ մեծ մրցակցություն ապահովեցին առաջնությունում: Հայաստանի առաջնության արդյունքներից գոհ եմ: Մրցավարական կազմն ամբողջությամբ արտասահմանից էր: Միտումնավոր ենք դրսից մասնագետներ հրավիրել, որպեսզի ամեն անգամվա նման «համաշխարհային պատերազմներ» չլինեն: Կարծես մեզ հաջողվեց այս անգամ զերծ մնալ անհամաձայնություններից:

Մեր առաջատարներից մասնակցում է միայն Սլավիկ Հայրապետյանը: Տղամարդկանց մենասահքի հաղթողն էլ հենց նա է: Անաստասիա Գալուստյանի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, նրա պապիկն է մահացել, այդ պատճառով Անաստասիան բաց թողեց առաջնությունը: Նա պետք է գար, բայց Գեորգի Գալուստյանը զանգեց եւ տեղեկացրեց, որ չեն կարող գալ:

Հայաստանից կար շուրջ 80 մասնակից: Գոհ եմ բոլորի արդյունքներից, քանի որ արդեն մրցակցություն եմ նկատում մարզիկների միջեւ: 4 տարի է ինչ մարզադպրոցը գործում է, եւ երեխաներն արդեն մրցում են միմյանց հետ: Արդեն կարող ենք կազմել Հայաստանի հավաքականը, որպեսզի այս մարզիկները կարողանան մասնակցել միջազգային մրցաշարերի»,- ասաց Մելանյա Ստեփանյանը:            

Ի դեպ, Հայաստանի բաց առաջնությանը մասնակցեց նաեւ մեկ պարային զրույգ Իտալիայից, բայց քանի որ այլ մասնակիցներ չկային, զույգը հանդես եկավ ոչ մրցութային ծրագրով:

«Այս զույգն ապագայում հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում: Աղջկա հայրը հայ է եւ նրանք ցանկություն են հայտնել ապագայում ներկայացնել Հայաստանը: Այս պահին մենք խեղճանում ենք զույգից: Ունենք Թինա Կարապետյան: Առաջիկա երկու ամիսների ընթացքում Թինային զույգ կգտնենք: Լավ կլինի, որ ունենանք երկու պարային զույգ:

Հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ մեր հավաքականը բաղկացած կլինի Հայաստանում մարզվող եւ հայաստանցի գեղասահորդներից, պարային զույգերից»,- նշեց Մելանյա Ստեփանյանը:

Հայաստանի բաց առաջնության մեդալակիրներին պարգեւատրեցին Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, Ալեքսանդր Լակերնիկը, Ռաֆայել Հարությունյանը եւ Մելանյա Ստեփանյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս