16:30  ,  3 մայիսի, 2019

Արթուր Դավթյանը՝ հայր դառնալու մասին․ Զգացողություններն անբացատրելի են (ֆոտո)

Եվրոպայի փոխչեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից, սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանը հայր է դարձել։ 26-ամյա մարզիկի առաջնեկն աղջիկ է: Արթուր Դավթյանը նորածին դստեր լուսանկարը տեղադրել է Ինստագրամի story բաժնում։

«Շատ ուրախ եմ: Անկեղծ ասած, դեռ ոչինչ չեմ հասկանում, բայց անբացատրելի զգացողություններ ունեմ: Դստերս անունն Ալիսա է: Ծնվել է ապրիլի 27-ին»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արթուր Դավթյանը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով, Արթուր Դավթյանը միայն երեխայի ծնվելու օրն է բաց թողել մարզումը:

«Զանգեց եւ ասաց՝ կարող եմ չգալ մարզմանը: Հարցրի ինչո՞ւ, ասաց հիվանդանոց ենք գնում: Ասացի՝ ոչ թե կարող ես չգալ, այլ պարտավոր ես չգալ: Այդ պահը շատ հետաքրքիր էր: Բայց այժմ արդեն վերադարձել է մարզման, քանի որ պատրաստվում ենք մայիսի 22-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարին: Դրանից հետո հավաք կանցկացնենք Թբիլիսիում ու կմեկնենք Եվրոպական խաղերին»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Արթուր Դավթյանն ամուսնացել է 2016-ի հոկտեմբերին: Արթուրն ու Անահիտը երկար ժամանակ ընկերություն են արել, իսկ Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ արդեն նշանադրված էին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում