10:10  ,  3 մայիսի, 2019

«Դուք կատակո՞ւմ եք». «Բարսելոնային» զարմացրել է ՈւԵՖԱ-ի հարցումը

«Բարսելոնան» թվիթերյան էջում արձագանքել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուների քվեարկությանը:

ՈւԵՖԱ-ի ներկայացրած հրապարակումը կատալոնական ակումբի պաշտոնական էջը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Դուք կատակո՞ւմ եք»: Այդ կերպ «Բարսելոնան» ակնարկել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տպավորիչ խաղը:

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Լուիս Սուրաեսը եւ «Այաքսի» խաղացողներ Ֆրենկի դե Յոնգն ու Դոնի վան դե Բեկը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» տանը 3:0 հաշվով հաղթել էր անգլիական «Լիվերպուլին», իսկ Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվել էր Ամստերդամի «Այաքսին», որը պայքարից դուրս է թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին» ու Թուրինի «Յուվենտուսին»:

Լիոնել Մեսին դարձել էր դուբլի հեղինակ եւ կատալոնական ակումբի կազմում գոլերի քանակը հասցրեց 600-ի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում