00:58  ,  2 մայիսի, 2019

ՉԼ․ «Բարսելոնան» հաղթեց «Լիվերպուլին» Մեսիի դուբլի եւ Սուարեսի գոլի շնորհիվ (ֆոտո)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տանը 98 հազար 299 երկրպագուների ներկայությամբ մրցեց անգլիական «Լիվերպուլի» հետ։ Կատալոնական թիմն իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ղեկավարությամբ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։ 

26-րդ րոպեին իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը գրավեց բրազիլացի Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը՝ խփելով իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում։

Սուարեսի գոլը 500-րդն էր «Բարսելոնայի» համար Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։ Սա երկրորդ ցուցանիշն է։ Առաջատարը Մադրիդի «Ռեալն» է՝ 551 գոլ։

75-րդ րոպեին Սուարեսի հարվածից հետո գնդակը հորիզոնական դարպասաձողից վերադարձավ տուգանային հրապարակ, սակայն Լիոնել Մեսին տեղում էր եւ գրավեց «Լիվերպուլի» դատարկ դարպասը։

82-րդ րոպեին Մեսին 17 մետրից կատարած տուգանային հարվածով հաշիվը դարձրեց 3։0։ Արգենտինացին խփեց 600-րդ գոլը «Բարսելոնայի» կազմում։ Առաջին գոլը Մեսին կատալոնական թիմում խփել է նույնպես մայիսի 1-ին 2005 թվականի։

Երկու րոպե անց անգլիական թիմի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն դաշտի տերերին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

Պատասխան հանդիպումը Լիվերպուլում տեղի կունենա մայիսի 7-ին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգում հոլանդական «Այաքսն» առաջին խաղում հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմին»։ Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Մադրիդում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 3։0 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 26, Լիոնել Մեսի, 75, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում