18:27  ,  1 մայիսի, 2019

Նիկոլ Փաշինյանի առաջարկը Ռոբերտ Էմմիյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնը կարող է ծառայել նաեւ հայկական աթլետիկային՝ այնտեղ կառուցելով  միջազգային ստանդարտներին համապատասխանող վազքուղի: Կառավարությունից պահանջվում է միայն մարզադաշտի ասֆալտապատման ֆինանսավորումը, մնացածն անում են աթլետիկայի միջազգային եւ եվրոպական կառույցները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանսիայից ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Դեռեւս 2015 թվականին Ռոբերտ Էմմիյանը դիմել էր Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիային եւ միջազգային ֆեդերացիային՝ Երեւանի «Հրազդան» ստադիոնում ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու նախագծին աջակցելու հարցով: Համաձայնություն կար նաեւ Հայաստանի կառավարության կողմից՝ ֆինանսական աջակցության մի մասը ապահովելու հարցում: Ըստ Ռոբերտ Էմմիյանի կանխատեսումների՝ վազքուղին պետք է պատրաստ լիներ 2016 թվականի մայիսին, եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին կատարեր ֆինանսական փոխանցումները: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ «Հրազդան» ստադիոնում միջազգային ստանդարտներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու Ռոբերտ Էմմիյանի նախագիծը հնարավոր չէ իրականացնել, քանի որ «Հրազդանը» սնանկ է ճանաչված: Նախարարների փոխվելուց հետո, սպորտի նախարարությունը եւ կառավարությունն այդպես էլ չֆինանսավորեցին Ռոբերտ Էմմիյանի նախագիծը՝ տարբեր պատճառաբանություններ առաջ քաշելով: Իսկ այդ ընթացքում հայկական աթլետիկայի լեգենդը տարբեր բանակցությունների արդյունքում նախագծի համար հայկական կողմից պահանջվելիք ֆինանսավորումը հավասարեցրեց նվազագույնի: Բայց այս պարագայում էլ ՀՀ կառավարության խոստումները մնացին անկատար:

Այժմ վազքուղի կառուցելու նախագիծը Ռոբերտ Էմմիյանն արդեն ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կրկին սպասում է կառավարության արձագանքին:

Պարոն Էմմիյան, երկրի իշխանության փոխվելուց հետո ի՞նչ համաձայնություն կա Ձեր նախագծի վերաբերյալ:

Ես դեռ շարունակում եմ սպասել եւ հուսալ, որ այս նախագիծն իրականություն կդառնա: Նախկինում խոսքը «Հրազդան» ստադիոնի մասին էր: Հետո հայտարարվեց, որ ստադիոնը սնանկ է ճանաչվել եւ կառավարությունը չի կարող ֆինանսավորել սնանկ ճանաչված կառույցին: Ցանկանում էին վազքուղին կառուցել Երեւանից դուրս, բայց իմ մեծ ցանկույունն է եղել միշտ վազքուղին ունենալ Երեւանում: Այժմ քննարկվում է «Հանրապետական» մարզադաշտում վազքուղին կառուցելու տարբերակը:  Այս քանի օր սպասում եմ ՀՀ կառավարության պատասխանին: Հենց լինի համաձայնությունը, եվրոպական եւ միջազգային կառույցները պատրաստ են անմիջապես սկսել վազքուղու կառուցապատումը: 2-3 շաբաթվա ընթացքում վազքուղին կկառուցվի:

Եթե այս վազքուղին ունենանք, մեր ցուցանիշներն ավելի բարձր կլինեն, Օլիմպիական խաղերին «սպիտակ քարտերի» հույսին չենք մնա, շատ հնարավորություն կունենանք օլիմպիական նորմատիվներ լրացնել: Մեր մարզիկները շատ աշխատասեր են, մեծ ձգտում ունեն լավ արդյունքներ անելու, ուղղակի լավ պայմաններ չունենք մարզվելու համար: Այս վազքուղին ուղղակի անհրաժեշտություն է:

Ի՞նչ է պահանջվում կառավարությունից՝ վազքուղու նախագիծն իրականացնելու համար:

Արդեն ոչինչ... Միջազգային եւ Եվրոպական ֆեդերացիաները համաձայնել են ամբողջությամբ ֆինանսավորել իմ այս նախագիծը: Ռետինե ծածկույթը, կառուցապատման ծախսերը միջազգային կառույցերը ամբողջությամբ վերցրել են իրենց վրա: 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ շատ բարձր մակարդակով ընդունեց: Նա տեղեկացված էր բոլոր իմ արդյունքներից, մարզական կարիերայից: Հաճելի զրույց ունեցանք: Հասկացա, որ նա շատ լավ է վերաբերում աթլետիկա մարզաձեւին, ծանոթացավ իմ նախագծին եւ համաձայնություն տվեց Հայաստանում նման վազքուղի կառուցել: Խոստացավ, որ հնարավորինս արագ կլուծվի այդ հարցը, պետք է համագործակցենք ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որպեսզի «Հանրապետական» մարզադաշտում կառուցենք վազքուղին: Վարչապետի առաջարկն է վազքուղին կառուցել «Հանրապետական» ստադիոնում: Նա նույնպես ընդգծեց, որ «Հրազդան» ստադիոնը թղթաբանական խնդիրներ ունի եւ լավ կլինի, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնը ծառայի հայկական ֆուտբոլին եւ աթլետիկային: Այժմ ամեն օր սպասում եմ պատասխանին, թե երբ կառավարությունը հանձ կառնի ասֆալտապատման աշխատանքները, իսկ մնացած հարցերով շատ կարճ ժամանակահատվածում կզբաղվեն միջազգային եւ եվրոպական կառույցները :

Պարոն Էմմիյան, ե՞րբ են մեկնարկում աթլետների օլիմպիական վարկանիշային մրցաշարերը եւ ի՞նչ հնարավորություններ ունի մեր հավաքականը:

Ունենք հրաշալի երիտասարդություն եւ առաջատար մարզիկներ: Լեւոն Աղասյանը, Երվանդ Մկրտչյանը եւ մյուսները կարող են օլիմպիական ուղեգրեր նվաճել: Լեւոն Աղասյանը շատ լավ ցուցանիշներ ունի եւ այս պահին նա հավակնում է օլիմպիական ուղեգրի: Հավաքականի մյուս անդամներն ամեն ինչ կանեն, որ ուղեգիր նվաճեն, լրացնեն օլիմպիական նորմատիվներ:

Թիմը կունենա նաեւ համալրում ԱՄՆ-ից: Ամերիկաբնակ աթլետ Ալեքսանդր Դոնիկյանը շուտով կհամալրի հավաքականը եւ թիմի հետ կպայքարի օլիմպիական վարկանիշների համար: Ալեքսանդր Դոնիկյանը հրաշալի արդյունքներ ունի, հանդես է գալիս 100 եւ 200 մետր վազքում, ԱՄՆ-ում այս տարվա ձմեռային բոլոր մրցաշարերում հաղթել է:

Արդեն այս ամռանը նա կդառնա հավաքականի անդամ: Ինքս եմ նրան առաջարկել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Նա սիրով ընդունել է: Արդեն ժամանել է Հայաստան, ունի հայկական անձնագիր: Շնորհակալ եմ մեր կառավարությանը, որ մարզիկին սիրով ընդունեցին եւ տվեցին հայկական անձնագիր: Այժմ սպասում ենք միջազգային ֆեդերացիայի թույլտվությանը, որպեսզի արդեն պաշտոնապես Ալեքսանդր Դոնիկյանը տեղափոխվի Հայաստանի հավաքական:

Հույս ունեմ, որ նա օլիմպիական ուղեգիր կնվաճի: Ամեն ինչ կանենք, որ այս տարի նա արդեն ամռանը լինի մեր հավաքականում եւ մասնակցի մրցաշարերին:

Հունիսից մեկնարկում են վարկանիշային մրցաշարերը: Նախաօլիմպիական տարում ունենք աշխարհի առաջնություն Քաթարում, Եվրոպայի թիմային առաջնություն, Բալկանյան երկրների մրցաշարը, Եվրոպայի առաջնություն եւ մի շարք միջազգային մրցաշարեր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով