18:45  ,  29 ապրիլի, 2019

Պոչետինո․ Ոչ ոք չէր հավատում, որ «Այաքսն» ու «Տոտենհեմը» շանս ունեն հասնել կիսաեզրափակիչ

Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նախախաղային ասուլիսում պատմել է, թե ինչ սպասելիքներ ունի Ամստերդամի «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից։

«Մենք կիսաեզրափակիչում ենք, քանի որ արժանի խաղ են ցուցադրել, միշտ եղել ենք միասնական թիմ։ Առաջին տեղում միշտ եղել են թիմային շահերը։

Շատ ծանր պայքար է սպասվում։ «Այաքս» ամբողջովին վաստակել է իր տեղը կիսաեզրափակիչում։ «Այաքսը» ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում բարձր կարգի եւ անհավանական խաղացողների շնորհիվ։

Նրանք ոչ մի պարտություն չեն կրել խմբում, փլեյ-օֆֆում հաղթահարել են «Ռեալի» եւ «Յուվենտուսի» արգելքները։ «Այաքսի» մարզիչն ու ֆուտբոլիստները կատարում են ֆանտաստիկ աշխատանք։

Ոչ ոք չէր հավատում, որ «Այաքսն» ու «Տոտենհեմը» շանս ունեն հասնել կիսաեզրափակիչ։ Բայց մենք այստեղ ենք, քանի որ վաստակել ենք այդ իրավունքը։

Այսպիսի խաղերում հնարավոր չէ հոգնել, մոտիվացիայի պակաս չի լինում։ Վաղը կլինի առաջին խաղակեսը, իսկ երկրորդ խաղակեսը՝ «Այաքսի» խաղադաշտում։

Ես երբեք հանդես չեմ եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Ես բաց եմ նոր հույզերի համար»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ապրիլի 30-ին Լոնդոնում կայանալիք «Տոտենհեմ» - «Այաքս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Պատասխան խաղը Հոլանդիայում տեղի կունենա մայիսի 8-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում