01:06  ,  29 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic. Մագնուս Կարլսենի 5-րդ հաղթանակը

Գերմանիայում ավարտին մոտեցող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 28-ին տեղի ունեցավ նախավերջին՝ 8-րդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով 32-րդ քայլում ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։

Աշխարհի գործող չեմպիոն եւ համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով ուժեղ գտնվեց ռուս Պյոտր Սվիդլերից՝ տանելով 5-րդ հաղթանակը մրցաշարում:

Վերջին տուրից առաջ Կարլսենը 6.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանան ունի 5.5 միավոր, իսկ Լեւոն Արոնյանը 4 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը:

Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացիներ Գեորգ Մեյերի եւ Վինսենտ Կեյմերի, իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ պարտվել Մագնուս Կարլսենին։

Ապրիլի 29-ին անցկացվելիք վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)՝ 1:0

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո․ Կարլսեն՝ 6,5 միավոր, Կարուանա՝ 5,5, Վաշյե-Լագրավ՝ 5, Սվիդլեր, Անանդ, Նայդիչ, Արոնյան՝ 4-ական, Վալյեխո՝ 3, Մեյեր, Կեյմեր՝ 2-ական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս