14:26  ,  27 ապրիլի, 2019

ՀԱՕԿ նախագահի վիճահարույց դիրքորոշումը․ Տոկիո-2020-ի «սպիտակ քարտերից» հրաժարվե՞լ, թե՞ վերցնել

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է հրաժարվել 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի «սպիտակ քարտերից»: Այս հայտարարությունն օրերս արել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Եվրոպայի առաջնություններից մեդալներով վերադարձած մարզիկների հետ հանդիպման ընթացքում:

«Մենք այս անգամ հրաժարվելու ենք «սպիտակ քարտից», քանի որ ուղղակի մասնակցությունը մեզ պատիվ չի բերում, պետք է բոլոր մարզաձեւերում էլ պայքարենք բարձր տեղերի համար»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Սա նշանակում է՝ մշտապես «սպիտակ քարտերով» հանդես եկող մարզաձեւերի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենալու ներկայացնել Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Անկախ Հայաստանի պատմության մեջ նախորդ 6 ամառային Օլիմպիական խաղերում (Ատլանտա-1996-ից) Հայաստանը երբեք չի հրաժարվել «սպիտակ քարտերից»:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը մեծ հավակնություններ չունի օլիմպիականների քանակի առումով: Օլիմպիական ուղեգրեր նվաճելու իրական հնարավորություններ ունեն ըմբշամարտի հավաքականները, ծանրամարտի հավաքականներին դեռեւս 2-ական ուղեգիր է հասնում՝ այն էլ անվանական, ուղեգրեր նվաճելու հնարավորություններ ունեն մարմնամարզիկները, բռնցքամարտիկները, ակնկալիք կա նաեւ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանից: Խոսքն այն մարզաձեւերի մասին է, որոնք զարգացած են Հայաստանում: Իսկ օրինակ լող, աթլետիկա, հրաձգություն եւ մյուս քիչ զարգացած մարզաձեւերում «սպիտակ քարտերից» հրաժարվելու դեպքում, դժվար թե օլիմպիական հավաքականում ներկայացուցիչներ լինեն:

NEWS.am Sport-ը հետաքրքրվել է «սպիտակ քարտերով» Օլիմպիական խաղերին մասնակցող մարզաձեւերի ներկայացուցիչներից ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշման մասին:

Լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ ՀԱՕԿ նախագահի հայտարարության մասին:

«Ես չգիտեմ «սպիտակ քարտերից» հրաժարվելու հրամանն ով է տվել, ով է դրա մասին ասել: Ես տեղյակ չեմ, որ Գագիկ Ծառուկյանը նման հայտարարություն է արել: Մենք չունենք դեռեւս այն հնարավորությունները, որ լողորդներն անձամբ նվաճեն օլիմպիական ուղեգրեր: Մշտապես մեզ տվել են երկու ուղեգիր՝ 1 աղջիկ եւ 1 տղա, եւ մենք մասնակցել ենք: Այժմ ես չգիտեմ խոսքն ինչ հայտարարության մասին է, Գագիկ Ծառուկյանն ինչ է ասել, երբ է ասել... Եթե որոշվի, որ Հանրապետությունը «սպիտակ քարտով» մարդ չի տանելու, ուրեմն՝ չի տանի: Ինքն է Օլիմպիական կոմիտեի նախագահը, ո՞վ կարող է նրան ստիպել, որ տանի: Ոչինչ չենք կարող անել այս պարագայում: Լավ երեխաներ ունենք, բայց դեռեւս այն մակարդակը չունենք, որ մենք ինքներս նվաճենք մեր ուղեգրերը»,- ասաց Միսակ Գաբրիելյանը: 

Հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն անհանգստացած է, թե ինչպես կարող է Հայաստանն Օլիմպիական խաղերին մասնակցել առանց «սպորտի թագուհու» համարում ունեցող մարզաձեւի:

«Մենք մշտապես օգտվել ենք «սպիտակ քարտերից»: Օլիմպիական խաղերին մեր մասնակցությունն ապահովում ենք՝ օլիմպիական նորմատիվներ լրացնելով եւ «սպիտակ քարտերով»:

Եթե հնարավորություն չենք ունենում լրացնել օլիմպիական նորմատիվներ, մեզ տրվում է երկուական ուղեգիր՝ աղջիկ, տղա: Երբեւէ Հայաստանն առանց աթլետների Օլիմպիական խաղերի չի մասնակցել: Այս պահին օլիմպիական վարկանիշի է հավակնում Լեւոն Աղասյանը: Մեր մյուս աթլետները կանեն ամենը, որպեսզի լրացնեն օլիմպիական նորմատիվները: Իսկ եթե հանկարծ այնպես ստացվի, որ չկարողանանք նվաճել ուղեգիր, լրացնել նորմատիվ, միջազգային ֆեդերացիան մեզ «սպիտակ քարտեր» կտա, քանի որ Օլիմպիական խաղերում մասնակիցների քանակը շատ կարեւոր է: Աթլետիկան համարվում է օլիմպիական առաջին մարզաձեւը, եւ այս մարզաձեւում շատ երկրների մասնակցությունն ուղղակի անհրաժեշտություն է:

Պետք է ամեն ինչ անենք, որ արդյունք ունենանք, ուղեգիր ունենանք: Գագիկ Ծառուկյանը ցանկանում է, որ մարզիկներն իրենց ուժերով նվաճեն ուղեգրեր, բայց եթե արդյունք չունենանք, ինչպես կարող է մեր օլիմպիական հավաքականն առանց աթլետների հանդես գալ Օլիմպիական խաղերում: Իսկ մեր արդյունքները պայմանավորված են պայմաններով: Գագիկ Ծառուկյանը շատ լավ գիտի, որ մենք երկար տարիներ սպասում ենք Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող վաղքուղու կառուցման ծրագիրն իրականացնելուն: Իսկ մեր լավ արդյունքները կլինեն այն ժամանակ, երբ ունենանք այդ վաղքուղին:

Ես հասկանում եմ Գագիկ Ծառուկյանին, որ նա ցանկանում է Օլիմպիական խաղերի մասնակիցներն անպայման օլիմպիական մեդալների հավակնորդներ լինեն: Բայց դասական ձեւերում մասնակիցներ ունենալը շատ պետք է, որովհետեւ Օլիմպիական խաղերում ցանկալի է, որ յուրաքանչյուր երկիր դասական մարզաձեւերում իր ներկայացուցիչներն ունենա: Սա նաեւ մեծ հնարավորություն է մասնակիցների համար անձնական ցուցանիշները բարելավելու, ռեկորդներ սահմանելու: Սա բոլորիս ցանկությունն է, որ Օլիմպիական խաղերից մեդալներով վերադառնանք»,- մանրամասնեց Ռոբերտ Էմմիյանը:

Ռիո-2016-ում «սպիտակ քարտով» հանդես եկավ նաեւ հրաձիգ Հրաչյա Բաբայանը: Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի խոսքով, «սպիտակ քարտերից» հրաժարվել պետք չէ առանձնահատուկ իրավիճակներում:

«Եթե օրինակ ուժեղ հրաձիգ է եւ հիվանդության պատճառով բաց է թողել օլիմպիական վարկանիշային մրցաշարը, ճիշտ չի լինի նրան զրկել «սպիտակ քարտով» մասնակցելու հնարավորությունից: Գուցե նույն այդ «սպիտակ քարտով» մասնակցող մարզիկը Օլիմպիական խաղերում փայլուն հանդես գա ու մեդալակիր դառնա: Այդպես էլ կարող է լինել: Համաձայն եմ թույլ մարզիկներին «սպիտակ քարտերից» զրկելուն: Օրինակ՝ եթե թույլ լողորդ է, «սպիտակ քարտով» մասնակցում է Օլիմպիական խաղերին եւ գրավում վերջին տեղը: Այս պարագայում նրան իմաստ չկա «սպիտակ քարտ» տրամադրել: Կարիք չկա ուղղակի մասնակցության համար գնալ Օլիմպիական խաղերի: Մենք պայքարում ենք օլիմպիական ուղեգիր նվաճել մեր ուժերով:

Այնուհանդերձ, չեմ կարող ասել, թե լիարժեք համաձայն եմ «սպիտակ քարտերից» հրաժարվելու որոշմանը: Մենք զարգացող պետություն ենք, պետք է մասնակիցներ ունենանք թեկուզեւ լողից, աթլետիկայից, որ տեսնեն՝ մեր երկրում էլ կան այդ մարզաձեւերը: Հրաձգության մասին չեմ ասում. հասկանալի է, որ մենք «սպիտակ քարտ» չենք ուզում»,- նշեց Սեյրան Նիկողոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով