19:26  ,  24 ապրիլի, 2019

Հ․ Կուրղինյան․ Դեռ չենք կարող ասել, որ Գացալովը տեղափոխվել է Հայաստանի հավաքական

Օլիմպիական չեմպիոն Խաջիմուրադ Գացալովի Հայաստանի հավաքական տեղափոխվելը դեռեւս հաստատված չէ: Կա առաջարկ, համաձայնություն, ինքս էլ կողմ եմ մեր թիմին նրա միանալուն, բայց դեռ կան խնդիրներ, որոնք լուծելուց հետո միայն կարող ենք հստակ հայտարարել մեր թիմի կազմում օլիմպիական չեմպիոն ունենալու մասին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի հնգակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի նախկին անդամ Խաջիմուրադ Գացալովը ցանկանում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: 36-ամյա ըմբիշը մտադիր է վերադառնալ մրցագորգ, որտեղից բացակայում է 2016 թվականից:

«Դեռեւս հստակ եւ վերջնական չէ նրա Հայաստանի հավաքականին միանալը, քանի որ կան որոշ հարցեր: Գիտեմ, որ ցանկությունը Գացալովինն է: Նա մտադիր է վերադառնալ մեծ սպորտ: Առաջարկը եղել է իրենց կողմից, մեր ֆեդերացիան էլ չի մերժել: Մենք ունենք լավ համագործակցություն Ռուսաստանի ֆեդերացիայի հետ, ճանաչում ենք ազատ ոճի ըմբշամարտի մարզչական շտաբին: Եվ հենց նրանց կողմից էլ եղել է առաջարկը եւ եղել է համաձայնությունը հայկական կողմից: Ես ինքս էլ տվել եմ իմ համաձայնությունը: Ճիշտ է՝ տարիքով մարզիկ է, բայց բարձր որակներ ունի: Այս շրջանում իր քաշային կարգում չունենք այնպիսի մարզիկներ, որ կհասցնեն մարզավիճակ ձեռք բերել մինչեւ Օլիմպիական խաղեր: Գիտեմ, որ նա մարզվում է։ Կարծում եմ՝ կկարողանա օլիմպիական ուղեգիր ձեռք բերել, նույնիսկ Տոկիոյում օլիմպիական մեդալների համար պայքարել:

Սովորաբար ըմբշամարտում տրանֆերները դեկտեմբերին են տեղի ունենում, բայց Գացալովի պարագայում գուցե շուտ լինի: Սպորտային քաղաքացիությունը փոխելու խնդիրն է, բայց հուսանք որեւէ խոչընդոտ չի լինի, քանի որ արդեն 2 տարուց ավելի նա չի մասնակցում մրցաշարերի եւ չի հանդիսանում Ռուսաստանի հավաքականի անդամ:

Խաջիմուրադ Գացալովը մտադրություն ունի վերադառնալ մեծ սպորտ, բայց Ռուսաստանի հավաքականի կազմում 97 կգ քաշային կարգում հանդես է գալիս Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն 22-ամյա Աբդուլռաշիդ Սադուլաեւը: Մրցակցությունը շատ մեծ է եւ Գացալովն ուղղակի հնարավորություն չունի պայքարելու, այդ պատճառով նա ցանկանում է փոխել մարզական քաղաքացիությունը: Առաջարկը եղել է Հայաստանի հավաքականին:

Այս քաշում մենք ունենք Գեւորգի Կետոեւ, բայց այս պահին նա դեռ չունի համապատասխան մարզավիճակ եւ գուցե Կետոեւի փոխարեն հենց Գացալովը 97 կգ քաշային կարգում Տոկիոյում ներկայացնի Հայաստանը: Գացալովը շատ կուժեղացնի մեր թիմը, քանի որ նա իսկապես լավ մարզիկ է:

Սա դեռ նախաձեռնություն է եւ գործնականում չենք կարող հայտարարել, որ այո՝ Գացալովը տեղափոխվել է Հայաստանի հավաքական: Թերի ինֆորմացիա է տարածվում, որ Գացալովը միացել է Հայաստանի հավաքականին, արդեն եկել է, բայց միայն վերջում է նշվում, որ դեռ հաստատված չէ: Այս գործընթացքում դեռ միջազգային ֆեդերացիան, ՀԱՕԿ-ը, Ռուսաստանի եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիաները պետք է պաշտոնապես գան ընդհանուր համաձայնության: Որքան տեղյակ եմ՝ Ռուսաստանի ֆեդերացիան տվել է իր համաձայնությունը: Կա նաեւ տրանսֆերային գումար, որը բավական մեծ է եւ պետք է վճարի Հայաստանը, պետք է լուծվի Հայաստանի քաղաքացիության հարցը»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Նշենք, որ Գացալովը ծնվել է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայում, մուսուլման օսերի ընտանիքում (տեսանյութ

Լուսինե Շահբազյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով