2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի հնգակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի նախկին անդամ Խաջիմուրադ Գացալովը ցանկանում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, փոխանցում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) կայքը:
36-ամյա ըմբիշը մտադիր է վերադառնալ մրցագորգ, որտեղից բացակայում է 2016 թվականից: Նա արդեն սկսել է սպորտային քաղաքացիությունը փոխելու գործընթացը: Եթե ամեն բան հաջող ընթանա, Գացալովը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի սեպտեմբերին Ղազախստանում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։ Հայկական կողմը եւս զբաղվում է նրա տեղափոխության հարցով:
Խաջիմուրադ Գացալովը հանդես է գալիս 97 կգ քաշային կարգում, որտեղ Ռուսաստանը ներկայացնում է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն 22-ամյա Աբդուլռաշիդ Սադուլաեւը։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր ռուսաստանցի Գեորգի Կետոեւը, իսկ Բուխարեստում այս ամիս անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցեց Սարգիս Հովսեփյանը, որը 1/8 եզրափակիչում 1։6 հաշվով պարտվել էր Գերմանիայի ներկայացուցիչ Գենադի Կուդինովիչին եւ լքել պայքարը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում