21:09  ,  23 ապրիլի, 2019

Ո՞ւր կհասնի «Բանանցը»՝ սեփական պարտությունը պայքարի միջոց դարձնելով

Վանաձորի «Լոռիի» եւ Երեւանի «Բանանցի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը երկար կհիշվի հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Վանաձորում նախատեսված հանդիպման մեկնարկից վայրկյաններ առաջ «Բանանցի» սեփականատեր Ջեւան Չելոյանցը բարձրախոսով դիմեց երկրպագուներին եւ հայտարարեց, որ իր թիմը հանդիպմանը  չի մասնակցի եւ մրցակցին շնորհավորեց եզրափակիչ դուրս գալու համար: «Բանանցին» գրանցվեց տեխնիկական պարտություն, իսկ «Լոռին» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ալաշկերտի» հետ: Ջեւան Չելոյանցն իր որոշումը պատճառաբանեց, որ չի ցանկանում «Բանանցի» խաղերը սպասարկեն ՀՖՖ-ի կողմից այդ հանդիպման համար նշանակված մրցավարական անձնակազմը (Խաղի գլխավոր մրցավարն էր Գեւորգ Եղոյանը):

Այսպիսի միջադեպերը, իհարկե, վնասում են «վերակենդանացման բաժանմունքից» դուրս գալուց հետո առաջին քայլերն անող հայկական ակումբային ֆուտբոլին:

Վերջերս Ջեւան Չելոյանցն Առաջին ալիքի եթերում հայտարարել էր, որ «Բանանցում» մարզվում են 800 պատանի ֆուտբոլիստներ, եւ որ դա միակ ակումբն է, որտեղ կանոնավոր կերպով մարզվում են աղջիկներ: Ի՞նչ օրինակ է «Բանանցը» ծառայում այդ պատանի ֆուտբոլիստների համար. անարդարությունների դեմ պայքարել սեփական պարտությունն ընդունելո՞վ, թե" շարունակել «կռվել» մինչեւ վերջ եւ հաղթել բոլորին, այդ թվում՝ նաեւ մրցավարներին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կոշտ պատասխանը չուշացավ.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ջեւան Չելոյանցի վարքագիծը: Որևէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ  թելադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Որևէ մեկը նաեւ իրավունք չունի խաթարելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող միջոցառումների բնականոն կազմակերպումն ու ընթացքը: Մրցավարների ընտրությունը եւ նրանց գործողություններին գնահատական տալը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասությունն է: Համապատասխան պատժամիջոցները կսահմանվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից՝ գործող կանոնակարգի համաձայն»,- ասվում է ՀՖՖ-ի հայտարարությունում:

Տեղի ունեցածը մեկնաբանեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, որն այժմ գլխավորում է «Լոռին»: Ֆուտբոլային մեծ ճանապարհ անցած գյումրեցի մասնագետը նշեց, որ ֆուտբոլում առաջին անգամ է հայտնվում այսպիսի իրավիճակում:

«Շատ տարօրինակ զգացողություն է, չգիտես՝ ուրախանալ, թե տխրել: Տխրելու առիթ կա, քանի որ չկայացավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պես շատ կարեւոր հանդիպում: Նման բան իմ ֆուտբոլային ու մարզչական կարիերայում չեմ ունեցել»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Հարց է առաջանում, թե ինչ է անելու «Բանանցը», եթե «Արցախի» դեմ Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ տուրի հանդիպմանը նշանակվի նույն մրցավարական անձնակազմը: Ի դեպ, այդ խաղից առաջ տեղի է ունենալու «Բանանցի» մարզադաշտի վերաբացումը, լինելու է նաեւ շոու ծրագիր երկրպագուների համար: Արդյո՞ք սկզբունքային «Բանանցը» դարձյալ կհրաժարվի խաղալուց: Պետք չէ մոռանալ, որ մեկ մրցաշրջանի ընթացքում 3 տեխնիկական պարտության դեպքում ՀՖՖ-ն կարող է ակումբին զրկել առաջնությանը մասնակցելու իրավունքից:

Իհարկե, անարդարությունների եւ մրցավարական սխալների դեմ պայքարել պետք է, բայց դա պետք է անել փաստերով ու ապացույցերով, այլ ոչ թե բակային ֆուտբոլ հիշեցնող եղանակով:

Ընթացիկ մրցաշրջանում «Բանանցը» ՀՖՖ-ին մեկ անգամ է բողոք ներկայացրել մրցավարության վերաբերյալ: Մարտի 31-ին կայացած «Փյունիկի» դեմ խաղից հետո «Բանանցը» 9 կետից բաղկացած առարկություն էր ներկայացրել ՀՖՖ, ինչից հետո ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը մանրակրկիտ պարզաբանում էր տվել բողոքի բոլոր կետերին, ինչին «Բանանցի» պատասխան չունեցավ: Կարեն Նալբանդյանը նաեւ նշել էր, որ ՀՖՖ մրցավարական կոմիտեն ակումբների ներկայացուցիչների հետ միշտ բաց է քննարկումների համար, միշտ պատրաստակամ է խաղի կանոնների վերաբերյալ հանդիպումներ ունենալ:

Մրցավարական սխալները ֆուտբոլի անբաժանելի մասն են: Նույնիսկ հիմա, երբ ՈւԵՖԱ-ն կիրառում է տեսակրկնապատկերների VAR համակարգը, մրցավարական վիճելի դրվագներ դարձյալ լինում են: Մրցավարական սխալների պատճառով թիմերը չեն դառնում աշխարհի չեմպիոն կամ հաղթում ու պարտվում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, սակայն հետագայում չեն հրաժարվում դաշտ դուրս գալուց:

«Բանանցի» մամուլի ծառայությունը ոչ մի կերպ չարձագանքեց տեղի ունեցածին, կարծես ոչինչ չի եղել (այս պահին մամուլի ծառայության վերջին հրապարակումը «Լոռիի» դեմ խաղում թիմի մեկնարկային կազմն է):

Այդ կապակցությամբ NEWS.am Sport-ի թղթակիցը փորձեց պարզաբանում ստանալ «Բանանցի» գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանից: Վերջինս նշեց, որ ակումբը պաշտոնական հայտարարություն չի անելու, քանի որ Ջեւան Չելոյանցի ելույթում ամեն բան ասված է:

Հարցին, թե ինչ է անելու «Բանանցը», եթե «Արցախի» դեմ հաջորդ խաղին դարձյալ նշանակվի Գեւորգ Եղոյանի մրցավարական անձնակազմը, Հրաչ Աղաբեկյանը նշեց. «Չեմ կարծում, որ այսքանից հետո նման բան տեղի կունենա: Եթե դարձյալ նշանակվի նույն մրցավարը, այդ ժամանակ նոր կերեւա, թե ինչ կլինի: Այս պահին չեմ կարող որեւէ բան ասել»:

«Բանանցը» որոշեց չպայքարել մայիսի 8-ին սեփական մարզադաշտում Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի մասնակից դառնալու համար, այլ ընտրեց սեփական պարտությունն ընդունելու ուղին:

Իսկ թե «Բանանցի» ղեկավարի անսպասելի որոշումն ու տեղի ունեցածը մրցաշրջանի վերջնամասում ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի առաջնության չեմպիոնական մրցավազքի մասնակցի ֆուտբոլիստների վրա, ցույց կտա ժամանակը:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով