19:11  ,  23 ապրիլի, 2019

Անտոնի Կազարյան․ Եվրոպայում հստակ կարձանագրվի, որ բարձր մակարդակի ֆուտբոլը եկել է Հայաստան

Ֆրանսիական «Կանի» ֆուտբոլիստ Անտոնի Կազարյանը մասնակցել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի մարզահավաքին։ ՀՖՖ մամուլի ծառայությունը զրուցել է նրա հետ։

«Ներկայացնում եմ «Կան» ակումբը, խաղում եմ պաշտպանի դիրքում: Ֆուտբոլային առաջին քայլերս արել եմ Մոնակոյի տարածաշրջանում՝ «Կապ դ՛Այ» ակումբում: Պատանեկան տարիներին տեղափոխվել եմ նաև Իտալիա՝ Սերիա Դ: Փաստաթղթային խնդիրների պատճառով ստիպված վերադարձա Ֆրանսիա: Երջանիկ եմ, որ այսօր Հայաստանի հավաքականում եմ: Մարդիկ բարեհամբույր են և հյուրընկալ: Չէի սպասում, որ այսպիսի պայմաններ կան այստեղ, տպավորված եմ: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում նախապատրաստվելու բոլոր պայմանները կան:  

Մեծ իրադարձություն է Հայաստանի համար Եվրոպայի Մ-19 առաջնությունը: Եվրոպայում հստակ կարձանագրվի, որ բարձր մակարդակի ֆուտբոլը եկել է Հայաստան: Հայկական ֆուտբոլը ճանաչում են Հենրիխ Մխիթարյանի և արտերկրում հաջողությամբ հանդես եկող հայ մյուս ֆուտբոլիստների շնորհիվ: Ամռանը բոլորի ուշադրությունը մեր կողմն է լինելու: Պետք է փորձեմ լավագույնս դրսևորվել՝ թիմում տեղ ունենալու համար, որ հնարավորություն ստանամ Հայաստանը ներկայացնելու մարզական խոշոր ստուգատեսում»,- ասել է Անտոնի Կազարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից 27-ը կայանալիք մրցաշարում Հայաստանի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի Մ-19 հավաքականները:

Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:

Առաջնության վիճակահանությունը տեղի կունենա մայիսի 31-ին Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով