21:52  ,  22 ապրիլի, 2019

Արսեն Հարությունյան․ Օդանավակայանում միայն հասկացա, որ Եվրոպայի չեմպիոն եմ

Օդանավակայանում միայն հասկացա, որ Եվրոպայի չեմպիոն եմ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանը՝ պատմելով Եվրոպայի առաջնությունում հաղթանակի, մարզական կարիերայի բարդությունների, գորգից դուրս մարզիկի կյանքի մասին:

19-ամյա ըմբիշը Բուխարեստում առաջին անգամ մասնակցեց մեծահասակների Եվրոպայի առաջնությանը եւ 61 կգ քաշայինների պայքարում չունեցավ հավասարը:

NEWS.am Sport-ի թղթակիցը Եվրոպայի չեմպիոնի հետ հանդիպեց Ծաղկաձորում, որտեղ Արսեն Հարությունյանը Ավետիք Վարդանյանի գլխավորած երիտասարդական հավաքականի հետ ուսումնամարզական հավաք է անցնում: 

«Ամեն ինչ արդեն հանդարտվել է, վերադարձել եմ մարզումներիս: Օդանավակայանում ինձ շատ լավ ընդունեցին: Այստեղ հասկացա, թե ինչ եմ արել եւ, որ Եվրոպայի չեմպիոն եմ: Բայց միայն այդ օրն էի չեմպիոն, քանի որ ես ինձ չեմպիոն չեմ համարում: Երբ համարեցի, այդ օրվանից չեմ կարող այլեւս որեւէ մեկին հաղթել: Ուրախ եմ, որ բոլորն այդքան շատ էին ուրախացել: Դա ինձ շատ ոգեւորեց: Ռիո-2016-ի ժամանակ երբ տեսա՝ ինչպես դիմավորեցին Արթուր Ալեքսանյանին, մտածեցի՝ տեսնես կլինի՞ մի օր, որ ինձ էլ այսպես դիմավորեն: Ծնողներս անչափ շատ էին ուրախացել: Մայրս իմ ամենասիրած ուտեստն էր պատրաստել՝ կարտոֆիլի տապակա: Բայց գրեթե չեմ հասցրել տանը մնալ, հանդիպումներ լրագրողների հետ ու հավաք Ծաղկաձորում»,- ասել է Արսեն Հարությունյանը:

Եվրոպայի չեմպիոնը պատրաստվում է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով