19:14  ,  22 ապրիլի, 2019

ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Ջեւան Չելոյանցի վարքագիծը

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Լոռի» - «Բանանց» պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցը հրահանգել է թիմին դուրս գալ խաղադաշտից՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում՝ «Բանանց» ակումբի հանդիպումները սպասարկի ՀՖՖ կողմից վերոնշյալ հանդիպման համար նշանակված մրցավարական անձնակազմը:

Այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծը: Որևէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ  թելադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Որևէ մեկը նաև իրավունք չունի խաթարելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող միջոցառումների բնականոն կազմակերպումն ու ընթացքը: Մրցավարների ընտրությունը և նրանց գործողություններին գնահատական տալը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասությունն է: Համապատասխան պատժամիջոցները կսահմանվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից՝ գործող կանոնակարգի համաձայն»:

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդես կգան «Լոռին» ու «Ալաշկերտը»։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին «Բանանց» մարզադաշտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս