15:19  ,  20 ապրիլի, 2019

«Պոլիտեխնիկ» մարզական ակումբը վերականգնելու խնդրանք՝ վարչապետին

Բոլորիս համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու 2014 թվականին փակվեց «Պոլիտեխնիկ» մարզական ակումբը: Նամակով դիմել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա հանձնարարել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդին զբաղվել խնդրով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին «Պոլիտեխնիկ» մարզական ակումբի նախագահ, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահության անդամ Սամվել Մեհրաբյանը:

Դեռեւս 2014 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ենթակայության տակ գործող «Պոլիտեխնիկ» մարզական ակումբը այն ժամանակվա ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի նախաձեռնությամբ փակվել է:

Ակումբի նախագահը փորձել է տարբեր ատյանների միջոցով վերականգնել ակումբը, սակայն որեւէ արդյունքի չի հասել: Հիմա էլ ակումբը չի գործում, մասնակի շահագործումը հանձնված է համալսարանի ուսխորհրդին:

Սամվել Մեհրաբյանը կրկին փորձում է վերականգնել ակումբն, այս անգամ աջակցություն ակնկալելով նոր իշխանությունից, մասնավորապես երկրի վարչապետից:

««Պոլիտեխնիկ» մարզական ակումբը շուրջ 70 տարվա պատմություն ունի: Սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած այս ակումբը բազմաթիվ չեմպիոններ է տվել, հավաքականներ մարզել, ուսանողների դեպի սպորտն ուղղել: Մենք մեծ հաջողություններ ունեինք մեծ սպորտում եւ մեծ ճանաչում ունեինք բուհական շրջանակներում: 2014 թվականին, երբ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակտարը Թոքմաջյանն էր, քանդեց այդ ամենը, չերկարաձգեց ակումբի հետ պայմանգիրը, սպորտի ամբիոնը փակեց, ինձ հեռացրեց ամբիոնի վարիչի պաշտոնից: Ցանկանում էին լողավազանը վերակառուցել, քանդեցին ու այդպես էլ թողեցին, ոչինչ չսարքեցին: Որեւէ մեկը բացատրություն չտվեց, թե ինչու կեսդարյա պատմություն ունեցող մարզական ակումբն ուղղակի վերացրին:

Այն ժամանակ ԿԳ նախարարն Արմեն Աշոտյանն էր: Դիմեցինք նրան, բայց նա ոչինչ չձեռնարկեց, դիմել ենք սպորտի նախարարությանը, բաց որեւէ մեկը մատը մատին չտվեց: Երեւի այդպես էր պետք: Բայց մենք ֆինանսապես որեւէ կախում չունեինք ինստիտուտից, դեռ մի բան էլ օգուտ էինք տալիս, ազատ ժամերին վճարովի մարզումներ անցկանում սիրողական: Այժմ մեր նպատակն է վերականգնել հին ավանդույթ ունեցող այդ ակումբը: Նամակով դիմել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա հանձնարարել է հոգաբարձուների խորհրդին զբաղվել խնդրով: Հույսներս չենք կորցնում»,- ասաց Սամվել Մեհրաբյանը:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում