14:48  ,  19 ապրիլի, 2019

Չճանաչված երկրների ԵԱ. Արցախի հավաքականում հանդես կգան միայն արցախցիներ

Արցախում անցկացվելիք չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության կազմակերպչական հանձնաժողովի փոխնախագահ, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբաբյանը լրագրողների հետ զրույցում խոսեց ամռանը կայանալիք մրցաշարի մասին:

«2014 թվականին Conifa-ին անդամակցելուց հետո Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան հավակնում էր դառնալ Եվրոպայի առաջնության կազմակերպիչ: Արցախի Հանրապետությունը, լինելով ազգային եւ համամարդկային արժեքների կրող, կարեւորեով եւ ողջունելով ֆուտբոլի միջոցով բոլորին միավորելու Conifa-ի նախաձեռնությունը, իր պատրաստակամությունն է հայտնել ընդունել առաջնությունը: Հունվարի 27-ին Կրակովում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում 12 հավաքականներ բաժանվել են 4 խմբերի, յուրաքանչյուրում՝ 3-ական թիմ:

Խաղերը կանկացվեն Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու եւ Ասկերանի մարզադաշտերում, որոնք այժմ վերակառուցման փուլում են՝ ըստ Conifa-ի չափորոշիչների: Սա մեզ համար բացառիկ հնարավորություն է ներկայացնելու Արցախն այնպիսին, ինչպիսին կա, քանի որ, ցավոք, վերջին 10-ամյակների ընթացքում Արցախը ներկայանում է քաղաքական շղարշի տակ:

Մեր կարգախոսն է՝ «Բաց դռներ, ամուր դարպաս», իսկ Եվրոպայի առաջնության տարբերանշանի խորհդանիշն Արցախի հայտնի պապիկ-տատիկի հուշարձանն է: Կլինի նաեւ թոռնիկ, որը ի հայտ կգա բացման արարողության ժամանակ: Եվրոպայի առաջնության բացումը տեղի կունենա հունիսի 1-ին Ստեփանակերտում»,- ասաց Նարինե Աղաբալյանը:

Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանի խոսքով, Արցախի հավաքականը պատրաստ է չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությանը:

«Թիմն ուսումնամարզական հավաք է անցկացրել Արցախում, ունենք եւս մեկ հավաք Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: Անցկացրել ենք 4 ընկերական հանդիպումներ Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի թիմերի հետ: Առաջիկայում կհայտարարվի թիմի կազմը: Ի դեպ, բոլոր ֆուտբոլիստները լինելու են արցախցի: Նախորդ տարվա առաջնության չեմպիոնն Աբխազիան էր: Այս տարի մեզանից սպասելիքները շատ են, քանի որ թիմը շատ լավ է պատրաստվում: Հույս ունենք, որ Արցախի հավաքականին կտեսնենք գոնե կիսաեզրափակիչում»,- նշեց Աշոտ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-9-ը Արցախում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Արցախի, Արեւմտյան Հայաստանի, Աբխազիայի, Սեկեյան երկրամասի, Նիցայի կոմսության, Դոնեցկի, Սապմիի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսեթիայի, Չամերիայի եւ Պադանիայի հավաքականները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս