00:55  ,  19 ապրիլի, 2019

ԵԼ․ «Արսենալը», «Չելսին», «Վալենսիան» ու «Այնտրախտը» կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին», իսպանական «Վալենսիան» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» դուրս եկան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։

Լոնդոնի «Արսենալն» Իտալիայում մրցեց «Նապոլիի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի պահեստայինների թվում էր եւ 34-րդ րոպեին փոխարինեց վնասվածք ստացած ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզիին։ 2 րոպե անց ազատ հարվածը հեռվից արդյունավետ իրացրեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը։ Առաջին խաղում «Արսենալը» հաղթել էր 2։0 հաշվով։

«Չելսին» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Պրահայի «Սլավիայի» եւ բարդ հաղթանակ տարավ 4։3 հաշվով։ Չեխիայում անգլիական թիմը հաղթել էր 1։0 հաշվով։

Իսպանական դերբիում «Վալենսիան» դարձյալ ուժեղ էր «Վիլյառեալից»՝ 2։0։ Հյուրընկալվելիս «Վալենսիան» հաղթել էր 3։1 հաշվով։

Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» տանը 2։0 հաշվով առավելության հասավ պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ։ Մեկ շաբաթ առաջ գերմանական թիմը պարտվել էր 2։4 հաշվով եւ դրսում խփած գոլերի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Չելսիի» հետ։ Մյուս զույգը կազմել են «Արսենալն» ու «Վալենսիան»։ Վիճակահանությունն անցկացվել էր քառորդ եզրափակիչի վիճակահանության հետ։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Նապոլի» (Իտալիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:2)

Ալեքսանդր Լյակազեթ, 36

«Չելսի» (Անգլիա) - «Սլավիա Պրահա» (Չեխիա)՝ 4։3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:0)

Պեդրո Ռոդրիգես, 5, 27, Սիմոն Դելի, 9, ինքնագոլ, Օլիվյե Ժիրու, 17 - Տոմաշ Սոուչեկ, 26, Պետր Շեւչիկ,  51, 54

«Վալենսիա» (Իսպանիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 2։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3:1)

Անտոնիո Լատորե, 13, Դանիել Պարեխո, 54

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 2։0 (տեսանյութ) (առաջին խաղ՝ 2:4)

Ֆիլիպ Կոստիչ, 36, Սեբաստիան Ռոդե, 67

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով