17:47  ,  18 ապրիլի, 2019

Մոուրինյոն՝ VAR-ի օգնությամբ Ստերլինգի չգրանցած գոլի մասին

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի չգրանցած գոլի դրվագը։ Մրցավարները դիմել էին կրկնապատկերի մրցավարական տեսահամակարգի (VAR) օգնությանը։

«Ամեն ինչ ճիշտ էր այդ դրվագում։ VAR-ն արդեն օգտագործվում է շատ մրցաշարերում։ Երբեմն հավանում եմ այդ համակարգը, երբեմն ատում եմ։ Հաճախ մտածում եմ, որ այն սպանում է հույզերը, եւ դրա կիրառումը սխալ է։ Բայց VAR-ը մրցավարների համար ֆանտաստիկ օգնական է։ Այդ 5 սմ խաղից դուրս վիճակից էր կախված Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգրի հարցը։ Խաղից դուրս վիճակ կար, VAR-ն այն հաստատեց»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ Լոնդոնի «Տոտենհեմին» հաղթեց 4։3 հաշվով, սակայն դուրս մնաց պայքարից։ Լոնդոնում տեղի ունեցած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել էր «Տոտենհեմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում