10:10  ,  18 ապրիլի, 2019

Հյոն-Մին Սոնը՝ Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած ասիացի ֆուտբոլիստ

Լոնդոնի «Տոտենհեմի» կորեացի կիսապաշտպան Հյոն-Մին Սոնը, դուբլ ձեւակերպելով «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, դարձել է այդ մրցաշարում ամենաշատ գոլ խփած ասիացի ֆուտբոլիստը:

Չեմպիոնների լիգայում 26-ամյա Սոնը գոլերի քանակը հասցրել է 12-ի եւ գերազանցել Կիեւի «Դինամոյի» ու Ուզբեկստանի հավաքականի նախկին հարձակվող Մաքսիմ Շացկիխի ռեկորդը (11 գոլ), փոխանցում է Gracenote Live-ը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում «Տոտենհեմը» պարտվել էր 3:4 հաշվով, սակայն նվաճել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր: Դիմակայությունում գրանցվեց 4:4 հաշիվը, եւ լոնդոնյան ակումբը հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած 3 գոլերի շնորհիվ: Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր նվազագույն հաշվով:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են անգլիական «Լիվերպուլն» ու կատալոնական «Բարսելոնան»: Կիսաեզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 30-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մայիսի 1-ին: Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մադրիդի «Աթլետիկոյի» տնային ստադիոն «Վանդա Մետրոպոլիտանոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում