00:56  ,  18 ապրիլի, 2019

ՉԼ. «Տոտենհեմը» խելահեղ խաղում դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին», «Լիվերպուլը» եւս կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Անգլիական «Լիվերպուլը» եւ «Տոտենհեմը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչում «Տոտենհեմը» 2 խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Սիթիին», իսկ Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլն» ուժեղ գտնվեց պորտուգալական «Պորտուից»:

Պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» տնային հաղթանակ տարավ 4:3 հաշվով, սակայն լքեց պայքարը:

Հանդիպումն ունեցավ խելահեղ մեկնարկ, եւ արդեն 11-րդ րոպեին հաշիվը 2:2 էր: Մանչեսթերցիներից արագ գոլ խփեց անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը, սակայն քիչ անց 3 րոպեում դուբլ ձեւակերպեց «Տոտենհեմի» կորեացի կիսապաշտպան Սոն Հյոն-Մինը: Լոնդոնյան ակումբի 2 գոլերի դրվագներում անվստահ գործեց դաշտի տերերի իսպանացի պաշտպան Էյմերիկ Լյապորտը: Հաշվի մեջ հետապնդողի դերում հայտնված «Մանչեսթեր Սիթին» հաշիվը հավասարեցրեց մեկ րոպե անց: Աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդո Սիլվան: 21-րդ րոպեին Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը նաեւ առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը: Առաջին խաղակեսում 2 թիմերն էլ ունեցան գոլային պահեր, սակայն մինչեւ ընդմիջում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» ուներ հսկայական առավելություն, ինչը գոլի վերածեց 59-րդ րոպեին: Հաշիվը 4:2 դարձրեց արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: «Տոտենհեմը» դուխաթափ չեղավ այս գոլից հետո եւ 14 րոպե անց կրճատեց հաշիվը: Անկյունային հարվածի խաղարկման արդյունքում աչքի ընկավ փոխարինման դուրս եկած իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն՝ 4:3: Հանդիպման վերջնամասն անցավ հյուրերի կիսադաշտում, բայց «Տոտենհեմը» հսկայական ճնշմանը դիմացավ մինչեւ վերջ եւ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր: Ավելացված ժամանակում մանչեսթերցիներին հաջողվեց գրավել դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ջունեյթ Չակիրը խաղից դուրս վիճակ արձանագրեց Ռահիմ Ստերլինգի խփած գոլի գրոհում:

Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր նվազագույն հաշվով: Դիմակայությունում գրանցվեց 4:4 հաշիվը, եւ «Տոտենհեմը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած 3 գոլերի շնորհիվ:

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Օրվա մյուս խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ուժեղ գտնվեց «Պորտուից», որին հաղթել էր նաեւ առաջին խաղում (2:0):

Կիսաեզրափակիչում «Լիվերպուլը» կխաղա կատալոնական «Բարսելոնայի» հետ, իսկ «Տոտենհեմը» կմրցի Ամստերդամի «Այաքսի» հետ, որը պայքարից դուրս է թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին» ու Թուրինի «Յուվենտուսին»:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 30-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մայիսի 1-ին: Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մադրիդի «Աթլետիկոյի» տնային ստադիոն «Վանդա Մետրոպոլիտանոյում»:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 4:3 (առաջին հանդիպում՝ 0:1) (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 4, 21, Բերնարդո Սիլվա, 11, Սերխիո Ագուերո, 59 – Սոն Հյոն-Մին, 7, 10, Ֆերնանդո Լյորենտե, 73

«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Ուոկեր, Կոմպանի, Լյապորտ, Մենդի (Սանե, 84), Գյունդոգան, Դավիդ Սիլվա (Ֆերնանդինյո, 63), Դե Բրույնե, Բերնարդո Սիլվա, Ստերլինգ, Ագուերո:

«Տոտենհեմ». Լյորիս, Տրիպյեր, Վերտոնգեն, Ալդերվեյրելդ, Ռոուզ (Սանչես, 90+1), Սիսոկո (Լյորենտե, 41), Վանյամա, Դելե Ալի, Էրիկսեն, Լուկաս Մոուրա (Բեն Դեւիս, 82), Սոն Հյոն Մին:

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:4 (առաջին հանդիպում՝ 0:2) (տեսանյութ)

Էդեր Միլիտաո, 69 – Սադիո Մանե, 26, Մոհամեդ Սալահ, 65, Ռոբերտո Ֆիրմինո, 77, Վիրջիլ վան Դեյկ, 84

«Պորտու». Կասիլյաս, Միլիտաո, Ֆելիպե, Պեպե, Ալեքս Տելես, Կորոնա (Ֆերնանդո, 78), Դանիլու, Էրերա, Օտավիո (Սոարեշ, 46), Բրահիմի (Կոստա, 81), Մարեգա:

«Լիվերպուլ». Ալիսոն, Ալեքսանդր-Առնոլդ (Գոմես, 66), Մատիպ, Վան Դեյկ, Ռոբերտսոն (Հենդերսոն, 71), Ֆաբինյո, Միլներ, Վեյնալդում, Մանե, Սալահ, Օրիգի (Ֆիրմինո, 46):  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում