18:15  ,  17 ապրիլի, 2019

Հակոբ Սերոբյան. Շատ ուրախ ենք, որ մեր մարզադպրոցը վերջապես կվերանորոգվի, բայց կանգնած ենք խնդրի առաջ  

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի վերանորոգման համար հատկացված գումարը հաստատված է եւ հիմնովին վերանորոգվելու է այն: Միայն չգիտենք, թե թիմն այս պարագայում եւ նախաօլիմպիական տարում որտեղ է մարզվելու:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Դեռեւս ապրիլի սկզբին Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման նպատակով 2019 թվականի Երեւանի քաղաքային բյուջեից տրամադրվելու է 146 միլիոն դրամ: Հակոբ Սերոբյանի խոսքով, գումարն արդեն հաստատված է եւ, ըստ նախնական տեղեկությունների, մարզադպրոցի վերանորոգումը մեկնարկելու այս տարվա հունիսին եւ տեւելու է շուրջ 1 տարի:

«Շատ ուրախ ենք, որ մեր մարզադպրոցը վերջապես կվերանորոգվի: Սա հրաշալի եւ երկար սպասված նորություն է բոլորիս համար: Բայց խնդրի առաջ ենք կանգնած: Մենք նախապատրաստվում ենք Օլիմպիական խաղերին եւ այլ դահլիճ չունենք մարզվելու համար: Ցայտնոտի մեջ ենք. մի կողմից շատ ենք ուրախացել, մյուս կողմից՝ չգիտենք մեր հետագա անելիքը: Գուցե Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում օղակների, նժույգի վարժությունները կարողանանք կազմակերպել, բայց հենացատկը չենք կարող, քանի որ յուրաքանչյուր ցատկ կարող է Արթուրի համար ճակատագրական լինել: Դահլիճը փոքր է, առաստաղը ցածր, կա պատշգամբ: Կվնասի իրեն:

Այս հարցն արդեն շատ է մտահոգում ինձ: Ախր դահլիճ չունենք: Գուցե կարողանանք Սպորտի նախարարության հետ համաձայնության գալ եւ հավաքներ անցկացնել Թբիլիսիում, դիմենք նախարարությանը հավաքների համար գումար տրամադրելու հարցով: Կամ դիմենք ՀԱՕԿ-ին: Դեռ չենք որոշել: Արտագնա հավաքի դեպքում էլ չեմ կարող մի ամբողջ տարի տղաներին հեռու պահել իրենց ընտանիքներից: Արթուր Թովմասյանն ամուսնանում է, Արթուր Դավթյանը շուտով հայր է դառնալու, ինչպե՞ս այդ տղաներին կտրեմ իրենց ընտանիքներից: Դեռ պետք է քննարկվի այս ամենը եւ որոշում կայացվի: Բացի այդ, ես նաեւ շատ անհանգստանում եմ մեր գույքի համար. որտեղ եւ ինչպես է պահվելու գույքը, որ չվնասվի: Մենք դողում ենք այս գույքի վրա, չեմ պատկերացնում, որ օղակների, ազատ վարժության, հենացատկի եւ մեր մյուս վարժությունների գույքն ուր պետք է տեղավորել: Այս հարցերին այնպիսի լուծում պետք է տանք, որ չփոշմանեն վերանորոգել (ծիծաղում է)»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում