14:12  ,  17 ապրիլի, 2019

Հակոբ Սերոբյան. Մեդալներ էի ակնկալում նաեւ Հարություն Մերդինյանից եւ Արթուր Դավթյանից (ֆոտո)

Արդյունքից գոհ եմ, բայց մեդալներ էի սպասում նաեւ Հարություն Մերդինյանից եւ Արթուր Դավթյանից: Հարություն Մերդինյանը հանձնեց, ինչն անհասկանալի էր ինձ համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ ամփոփելով Լեհաստանում ապրիլի 10-13-ը կայացած Եվրոպայի առաջնությունը:

Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը բավարարվել էր մեկ մեդալով՝ օղակների վարժությունում բրոնզե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաեւ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Արթուր Ավետիսյանն ու Վիգեն Խաչատրյանը: Արթուր Դավթյանը բազմամարտում գրավեց 8-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպական խաղերի անվանական ուղեգիր:

«Իրականում Վահագնից այդքան չէինք սպասում մեդալ, որքան Հարություն Մերդինյանից եւ Արթուր Դավթյանից: Բայց Վահագնը հրաշալի հանդես եկավ՝ չնչին միավորներով զիջելով չեմպիոնին: Նա կատարեց իր առավելագույնը եւ շատ ուրախացրեց մեզ իր մեդալով: Արթուր Դավթյանը 8-րդն էր բազմամարտում, եւ սա եւս լավ արդյունք է: Առհասարակ, մարմնամարզությունում լավագույն 8-ի մեջ մտնելը լավ արդյունք է, քանի որ շատ բարդ եւ անկանխատեսելի մարզաձեւ է: Բայց ես հենացատկում մեդալի ակնկալիք ունեի Արթուր Դավթյանից:

Հարություն Մերդինյանը հանձնվեց, ինչը մի փոքր անհասկանալի էր ինձ համար: Օրինակ՝ Արթուր Դավթյանը մինչեւ վերջ պայքարեց, բայց Մերդինյանի ձախողումն անհասկանալի էր: Արթուր Թովմասյանը գրավեց 7-րդ տեղը ընկավ, բայց ուներ չեմպիոն դառնալու իրական հնարավորություն: Վարժության վերջում ցատկ կատարելիս նա մեկ քայլ ավելի արեց, իսկ վերեւում փայլուն աշխատեց: Եթե այդ քայլը չաներ, չեմպիոն կդառնար: Մեր մարզիկները մեկ օր ուշացումով հասան մրցավայր, չհասցրեցին մասնակցել վերջին գլխավոր փորձին, երկու գիշեր չէին քնել, եւ դա էլ անդրադարձավ իրենց մասնակցության վրա: Ամեն դեպքում, մարզիկները բարելավեցին իրենց արդյունքները եւ ունենք մեդալ Եվրոպայի առաջնությունից: Ունենք դեռեւս Եվրոպական խաղերի երկու անվանական ուղեգիր: Հույս ունենք, որ երրորդը կնվաճի Արթուր Թովմասյանը: Յուրաքանչյուր գործիքի վրա երեք մասնակից պետք է ունենա երկիրը: Այժմ սպասում ենք պատասխանի. շատ հնարավոր է՝ Ռուսաստանը հրաժարվի օղակների վարժության ուղեգրից եւ այն բաժին կհասնի Արթուր Թովմասյանին»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Անդրադառնալով մրցավարությանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշեց հետեւյալը.

«Մրցավարությունը նորմալ էր: Եվրոպական ֆեդերացիայի նախագահն ադրբեջանցի է, բայց ես հենց սկզբից ասել եմ, որ նա չի կարող խանգարել մեզ: Կա լարված իրավիճակ մրցավարությունում, բայց շատ նորմալ մեզ գնահատեցին: Եթե ցանկանային, կարող էին այնպես անել, որ Վահագն Դավթյանը մեդալ չնվաճեր: Ամեն ինչ նորմալ է, եւ մեզ շատ լավ միավորներ տվեցին: Սխալ կլինի ասել, որ Վահագնը կարող էր ոսկե մեդալ նվաճել, բայց մրցավարները թույլ չտվեցին»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը նույնպես գոհ է իր արդյունքից:

«Ելույթս գնահատում եմ լավ, քանի որ վերջնական արդյունքում մեդալ նվաճեցինք: Ուրախ եմ, որ ստացվեց նվաճել մեդալ եւ ուղեգիր: Սա միայն իմ հաջողություն չէ, այլ՝ ամբողջ թիմինը, մարզիչներինը, երկրինը: Սա մեծ թիմային աշխատանքի արդյունք է: Նպատակ ունեմ շատ լավ արդյունք գրանցել Եվրոպական խաղերում: Չեմ կարող ասել՝ կգերազանցեմ այս արդյունքը, թե՝ ոչ»,- ասաց Վահագն Դավթյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում