13:46  ,  17 ապրիլի, 2019

Լեւոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունը, որտեղ հայ ըմբիշները նվաճել էին 2 բրոնզե մեդալ: 

«Մեր հավաքականը տարին սկսել է ծրագրված բոլոր հավաքներով ու միջազգային մրցաշարերով, իսկ հետո 10 մասնակցով հանդես եկանք Եվրոպայի առաջնությունում:

Բրոնզե մեդալ նվաճած Կարեն Ասլանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը շատ լավ գոտեմարտեր անցկացրին եւ սպասելիքներ կային, որ նրանք հանդես կգան եզրափակիչում, սակայն եղան խանգարող պատճառներ: 2 գոտեմարտերում էլ եղան շատ կասկածելի պահեր՝ մեր մրցակիցների օգտին: Վերլուծություններից հետո շատ մասնագետներ նշեցին, որ, իրոք, եղել են մրցավարական բացթողումներ: Բրոնզե մեդալների համար պայքարում էինք նաեւ 63, 72 եւ 87 կգ քաշային կարգերում, սակայն  Սլավիկ Գալստյանը, Հրանտ Կալաչյանը եւ Մաքսիմ Մանուկյանը պարտություն կրեցին:

Արսեն Ջուլֆալակյանի եւ գերմանացի ըմբիշի գոտեմարտի ժամանակ մենք բողոքարկեցինք, եւ բոլորը տեսան, որ գերմանացի ըմբիշն ակնհայտ ոտքը դուրս է դնում: Սակայն միավորը տվեցին ոչ թե Արսենին, այլ՝ մրցակցին: Պետք է նշեմ, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կազմի ղեկավարը գերմանացի է: Շատ կարեւոր էր, որ 2 տարվա ընդմիջումից հետո Արսենը մեդալ նվաճեց պաշտոնական մրցաշարում: Բոլորը հիացած ու զարմացած էին վերադարձից հետո նրա ելույթով: Վստահ էի, որ նա 8:0 հաշվով պետք է հաղթեր Գերմանիան ներկայացնող ռուս ըմբիշին:

Արդեն նշել էի, որ մեզ համար շատ ավելի կարեւոր է սեպտեմբերին Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունը, որտեղ մեզ համար շատ կարեւոր է նվաճել Օլիմպիական խաղերի վարկանիշներ: Ուղեգրերը վիճարկվելու են 6 քաշային կարգերում, եւ մեր գլխավոր նպատակն աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է: Եվրոպայի առաջնությունից նվաճեցինք Եվրոպական խաղերի 5 ուղեգիր: Եվրոպական խաղերի կազմում կլինեն փոփոխություններ: 99 տոկոսով Արթուր Ալեքսանյանին կտեսնենք Եվրոպական խաղերում: Այդ մրցմանը հանդես կգանք 60, 67, 77, 87 եւ 97 կգ քաշային կարգերում:

Դժգոհ եմ Ռուդիկ Մկրտչյանի, Գեւորգ Ղարիբյանի, Սարգիս Քոչարյանի եւ Դավիթ Օվասապյանի ելույթներից: Դա մտածելու առիթ է տալիս: Դավիթ Օվասապյանը դեռ երիտասարդ ըմբիշ է եւ առաջին քայլերն է կատարում մեծահասակների հավաքականում, իսկ մյուս երեք ըմբիշների մասնակցությունից դժգոհ եմ, քանի որ նրանց հնարավորություններն ու սպասելիքներն ավելի էին: Նրանք նույնպես պետք է մտածեն այս մասին: Դժգոհ եմ նրանց գոտեմարտերից: Կան պարտություններ, որոնցից հետո կարելի է գոտեմարտին լավ գնահատական տալ եւ հակառակը: Այդ 3 քաշային կարգերում մեր ըմբիշները շատ վատ գոտեմարտեցին: Բոլորն էլ խոստումնալից մարզիկներ են եւ հնարավորություն ունեն աճելու: Հավաքականի վերջնական կազմը հայտարարվում է այն բանից հետո, երբ մարզիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի ու հավաքների:

Մայիսի 9-ից կսկսենք պատրաստվել Եվրոպական խաղերին ու աշխարհի առաջնությանը: Մայիսի 9-23-ը Բուլղարիայի եւ Շվեյցարիայի հավաքականների հետ հավաք կանցկացնենք «Օլիմպավանում»: Այնուհետեւ մեր որոշ ըմբիշներ միջազգային մրցաշարի կմասնակցեն Ղազախստանում: Հաջորդ հավաքը Երեւանում կկայանա հունիսին, հետո կմեկնենք Եվրոպական խաղերին: Միջազգային մրցաշարեր ունենք նաեւ Թբիլիսիում, Մինսկում, Լեհաստանում ու Գերմանիայում: Աշխարհի առաջնությունից առաջ նախավերջին հավաքը տեղի կունենա Մինսկում, իսկ վերջինը՝ Երեւանում:

Կարապետ Չալյանի վնասվածքը շատ լուրջ է: Բժիշկները հույս ունեն, որ վիրահատության անհրաժեշտություն չի լինի: Դա պարզ կլինի առաջիկա բուժզննումից հետո: Եթե Կարապետ Չալյանն առողջական խնդիրներ չունենա, նա մեր հավաքականի լիարժեք անդամ է, մեծ ներուժով մարզիկ:

Արթուր Ալեքսանյանը վնասվածքից վերականգնվելուց հետո արդեն լիարժեք մասնակցում է մարզումներին: Նա շատ մարտական է տրամադրված: Հուսով եմ, որ ամեն ինչ պետք է լավ լինի: Արթուր Ալեքսանյանն իր ցանկաթյամբ էր բուժման մեկնել ԱՄՆ: Բացառված է, որ մեր պետությունը, Սպորտի նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն չֆինանսավորիեն նրան: Պահ ստացվեց, որ ընկերները հրավիրեցին Արթուրին, ստեղծեցին պայմաններ եւ նա մեկնեց իր ցանկությամբ: Հուսով եմ, որ այդ մասին այլեւս չի խոսվի: Արթուր Ալեքսանյանի համար մեր երկրում երբեք խնդիրներ չեն կարող լինել ո՛չ կառավարության, ո՛չ էլ Օլիմպիական կոմիտեի խողմից»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր էին դարձել Կարեն Ասլանյանը (67 կգ) եւ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ): Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաեւ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք մեդալ չնվաճեցին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում