00:56  ,  17 ապրիլի, 2019

ՉԼ. «Բարսելոնան» խնդիրներ չունեցավ, «Այաքսի» սենսացիոն հաղթանակը «Յուվենտուսի» նկատմամբ (տեսանյութ)

Կատալոնական «Բարսելոնան» ու Ամստերդամի «Այաքսը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր, իսկ Թուրինի «Յուվենտուսը» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» լքեցին պայքարը:

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդն», որից ուժեղ էր գտնվել նաեւ Անգլիայում (1:0):

Բարսելոնայի «Նոու Կամպ» ստադիոնում անցկացված հանդիպումն ավելի ակտիվ սկսեց անգլիական ակումբը, որը սկզբնամասում ստեղծեց մի քանի վտանգավոր պահեր, սակայն շուտով «Բարսելոնան» խփեց 2 գոլ: 4 րոպեում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Երկրորդ գոլի դրվագում կոպիտ սխալ թույլ տվեց «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան: Այդ գոլերից հետո խաղն ամբողջովին փոխվեց, եւ հյուրերը գրեթե չէին կարողանում մոտենալ մրցակցի դարպասին, իսկ «Բարսելոնան» հանգիստ վերահսկում էր խաղը: Առաջին խաղակեսի վերջնամասում կատալոնացիները կարող էին խփել նաեւ երրորդ գոլը, բայց Դավիդ դե Խեան փրկեց հյուրերին:

Ընդմիջումից հետո «Բարսելոնան» խփեց նաեւ երրորդ գոլը եւ առանց դժվարության խաղը հասցրեց հաղթական ավարտի: Հանդիպման վերջակետը 61-րդ րոպեին դրեց բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն:

Օրվա մյուս խաղում «Յուվենտուսն» ընդունեց «Այաքսին» եւ պարտվեց 1:2 հաշվով: Առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:

Թուրինում կայացած խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց իտալական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն դաշտի տերերի ուրախությունը երկար չտեւեց: «Այաքսը» պատասխան գոլը խփեց 6 րոպե անց եւ թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ: Ընդմիջումից հետո գրանցվեց դարպասի մեկ գրավում, որը 67-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց «Այաքսի» հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգթը: 

Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին» պայքարից դուրս թողնելուց հետո «Այաքսը» սենսացիա մատուցեց նաեւ «Յուվենտուսի» հետ դիմակայությունում:

Կիսաեզրափակիչում «Բարսելոնան» կմրցի «Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա) դիմակայության հաղթողի հետ, իսկ «Այաքսի» մրցակիցը կլինի Անգլիայից՝ «Տոտենհեմը» կամ «Մանչեսթեր Սիթին»:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչպատասխան խաղեր

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 1:0) (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 16, 20, Ֆելիպե Կոուտինյո, 61

«Բարսելոնա»․ Տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո (Սամեդո, 71), Պիկե, Լանգլե, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Արտուր (Վիդալ, 75), Կոուտինյո (Դեմբելե, 81), Մեսի, Սուարես։

«Մանչեսթեր Յունայթեդ»․Դե Խեա, Յանգ, Լինդելյոֆ, Սմոլինգ, Ջոնս, Ֆրեդ, Մաքթոմինայ, Պոգբա, Լինգարդ (Ալեքսիս Սանչես, 80), Մարտիալ (Դալոտ, 65), Ռեշֆորդ (Լուկակու, 73)։

«Յուվենտուս» (Իտալիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:2 (առաջին հանդիպում՝ 1:1) (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 28 – Վան դե Բեկ, 34, Մատեյս Դե Լիգթ, 67

«Յուվենտուս»․ Շչեսնի, Դե Շիլյո (Կանսելո, 64), Բոնուչի, Ռուգանի, Ալեքս Սանդրո, Էմրե Ջան, Պյանիչ, Մատյուիդի, Բերնարդեսկի (Բենտանկուր, 80), Դիբալա (Մոյզե Քին, 46), Ռոնալդու: 

«Այաքս»․ Օնանա, Վելտման, Դե Լիգտ, Բլինդ, Մազրաուի (Սինկգրավեն, 11, Մագալան, 82), Վան դե Բեկ, Դե Յոնգ, Շոնե, Զիեշ (Հունտելար, 88), Տադիչ, Ներես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում