21:03  ,  15 ապրիլի, 2019

Արթուր Գեւորգյան․ Մեկ անձի կամակատար սպորտի նախարարությունն ապօրինի որոշմամբ դադարեցրել է ՀԲՖ-ի ֆինանսավորումը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հայտնել է, որ Սպորտի նախարարությունը ապրիլի 1-ից դադարեցրել է ֆեդերացիայի ֆինանսավորումը։

«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը վերջնականապես հաստատեցին այն իրողությունը, որ ծառայում են մեկ անձի շահերին և նրա քմահաճույքների կատարմանը:
Այսպես, ՀՀ սպորտի նախարարությունից ստանում եմ գրություն, որով ասվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը 01.04.2019 թվականին կասեցրել է նախարարության և ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը:

Բռնցքամարտի ֆեդերացիան, որպես օլիմպիական մարզաձև, ֆինանսավորվել է պետական բյուջեից: Այս տարի ևս կնքվել է համապատասխան պայմանագիր, սակայն մեկ անձի կամակատար սպորտի նախարարությունն իր ապօրինի որոշմամբ դադարեցրել է ֆինանսավորումը, այն էլ այն ժամանակ, որ բռնցքամարտն իր զարգացման լավագույն ժամանակներն է ապրում:
Նման ակնհայտ ապօրինություն և ակնհայտ ոչ իրավաչափ վարչարարություն չենք հանդուրժելու և դիմելու ենք ՀՀ վարչապետին, ակնկալելով ինստիտուցիոնալ տեսքի բերել նախարարությանը:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան պահանջել է տրամադրել կայացված որոշման ընդունման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը։

Հանրությանը մշտապես տեղեկացնելու ենք իրավասու մարմինների բոլոր ապօրինությունների մասին»,- գրել է Արթուր Գեւորգյանը Ֆեյսբուքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում