Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ իր ղեկավարած թիմի ֆուտբոլիստներին կօգնի հիշողությունները Փարիզում ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ տարած 3։1 հաշվով հաղթանակից։ 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 0։2 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին։
Քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Մանչեսթերում հաղթել է 1։0 հաշվով։
«Այդ հիշողությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք փոխել պայքարի ընթացքը։ Իհարկե, «Բարսելոնան» տանը բարդ մրցակից է, բայց հիմա իրադրությունը մեկ գոլով ավելի լավ է, քան ՊՍԺ-ի հետ։
Պետք է լինենք կենտրոնացած եւ վստահ մեր ուժերին, երբ ունենանք գոլային պահեր, իսկ մենք դրանք կստեղծենք։ Տնային խաղում մենք չհաստատեցինք մենք հեղինակությունը։ Հենց դա պետք է անել «Բարսելոնայի» դեմ։
Գիտենք, որ պետք է ավելի լավ խաղանք, գնդակ խլենք, ցուցադրենք մեր խաղը։ Ես դեմ չեմ լինի, եթե գոլ խփենք 93-րդ րոպեին։ Եթե գործը հասնի լրացուցիչ ժամանակին, մենք լավ մարզավիճակում ենք»,- Սուլշերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում