23:14  ,  13 ապրիլի, 2019

Փաշիկ Ալավերդյան․ Ամբողջ թիմին շնորհակալություն՝ լավ աշխատանքի համար

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ տեղը: Սա շատ լավ արդյունք է, եթե հաշվի առնենք Անդրանիկ Կարապետյանի ձախողումը: Այս մասին Բաթումիում Եվրոպայի առաջնության ավարտից հետո հայտարարեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երկամարտի 2 ոսկե (Սիմոն Մարտիրոսյան, 109 կգ, Հակոբ Մկրտչյան, 89 կգ), 1 արծաթե (Սամվել Գասպարյան, 102 կգ) եւ 2 բրոնզե (Դավիթ Հովհաննիսյան, 89 կգ, Ռուբեն Ալեքսանյան, +109 կգ) մեդալներ

Առանձին վարժություններում փոքր մեդալներ նվաճեցին նաեւ Գոռ Մինասյանը, կանանց հավաքականից Տաթեւ Հակոբյանը, Իզաբելլա Յայլյանն ու Լիանա Գյուրջյանը:

«9 մարզիկով զբաղեցրեցինք երրորդ տեղը: Եթե Անդրանիկ Կարապետյանը նվազագույնն էլ արած լիներ, մենք կլինեինք առաջին տեղում, միանշանակ: Ռուբեն Ալեքսանյանը հրաշալի բարձրացրեց մոտեցումները, բարձր կիլոգրամներ բարձրացրեց: Ռուբենը տարիքով տղա է, բայց ինչպես տեսնում եք՝ տարիքը նրան չի խանգարում: Կարող է դեռ մեծ արդյունքներ էլ անել ու կանի, ես վստահ եմ:

Ի դեպ, Ռուբեն Ալեքսանյանը թիմի ավագն է եղել եւ այժմ էլ թիմի ավագն է՝ եւ կարեւոր չի՝ հաղթող է, թե ոչ: Ամեն ինչ շատ լավ էր:

Նույնիսկ կանանց հավաքականը 4 հոգով փոքր մեդալների արժանացան: Կլինեմ անկեղծ. միեւնույն է՝ աղջիկների համար շատ քիչ հույսենք ենք կապում օլիմպիական մեդալների համար: Չեմ ասում՝ հույս չունենք առհասարակ, ուղղակի տղաներն ավելի մեծ հավակնություններ ունեն:

Գոռին վնասվածքը խանգարեց: Մտավախություն ունեինք, որ վնավածքը կխանգարի, բայց նա կարողացավ թիմին օգնել, նաեւ միավորի եւ մեդալի հարցով որքան հնարավոր է օգնել, իր օլիմպիական քվոտան էլ հավաքեց: Կեցցե Գոռը, որ կարողացավ այդքան աշխատել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան, որ թիմին օգնեց: Ամբողջ թիմին շնորհակալություն՝ լավ աշխատանքի համար»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը։

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում