21:17  ,  13 ապրիլի, 2019

Ռուբեն Ալեքսանյան․ Երկու տարի մրցաշարի չէի մասնակցել, եւ սա լավ սկիզբ էր

Մեդալը սպասված էր: Այդքան էլ գոհ չեմ իմ բարձրացրած կիլոգրամներից, բայց երկու տարի մրցաշարի չէի մասնակցել, եւ սա լավ սկիզբ էր: Այս մասին ասաց ծանրամարտի Եվրոպայի առաջնության երկամարտի բրոնզե մեդալը նվաճած, գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը:  

«Անկեղծ ասած, այդքան էլ գոհ չեմ իմ արդյունքից եւ բարձրացրած կիլոգրամներից, բայց ունեցանք այն, ինչ ունեցանք: Ինձ թվում է՝ ինչ անելու էի, արեցի: Չեմ ցանկանում ավել բաներ ասել: Աշխարհի առաջնությունում սպասենք ավելի բարձր կիլոգրամներ:

Երկու տարի դադարից հետո կրկին մեդալակիր եմ: Երկու տարի մրցաշարերի չէի մասնակցում: Սպասված մեդալ էր ինձ համար, աշխատել էինք, ուղղակի երկար դադարից հետո սա նորմալ արդյունք է, բայց միեւնույն է այդքան էլ գոհ չեմ կլիոգրամներից:

Եվրոպայի առաջնությունը Բաթումիում շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Երկրպագուներն ավելի աջակցում էին: Իհարկե, մասնավորապես, Վրաստանի ներկայացուցիչների երկրպագուներն էին, բայց մեր երկրպագուներն էլ չէին զիջում: Հայաստանից բավական շատ մարդ էր եկել մեզ երկրպագելու:

Գոռ Մինասյանն ինձ համար մրցակից չէ, այլ իմ հարազատն է, դրա մասին բոլորն էլ գիտեն: Մեզ համար մրցակիցը ծանրաձողն է: Մրցահարթակում եւ մրցավայրում Գոռն իմ ընկերն է»,- ասաց Ռուբեն Ալեքսանյանը:

30-ամյա Ռուբեն Ալեքսանյանը նախորդ անգամ 2017 թվականին էր մեդալ նվաճել՝ Եվրոպայի առաջնության բրոնզ: Ռուբեն Ալեքսանյանը նաեւ Եվրոպայի 2014 թվականի փոխչեմպիոն, 2009 եւ 2010 թվականների Եվրոպայի չեմպիոն է:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում