Բաթումիում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը +109 կգ քաշային կարգում նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը՝ հավաքելով 440 կգ՝ 195+145։ Հրում վարժությունում Ալեքսանյանը նվաճեց նաեւ փոքր արծաթե մեդալ։
Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկամարտի 422 կգ (200+222) արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Պոկում վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ։
Աշխարհի ու Եվրոպայի ռեկորդով չեմպիոն հռչակվեց 2016թ․ Ռիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն վրացի Լաշա Տալախաձեն՝ 478 կգ (218+260)։
Հայաստանի հավաքականը երկամարտի 2 ոսկե (Սիմոն Մարտիրոսյան, 109 կգ, Հակոբ Մկրտչյան, 89 կգ), 1 արծաթե (Սամվել Գասպարյան, 102 կգ) եւ 2 բրոնզե (Դավիթ Հովհաննիսյան, 89 կգ, Ռուբեն Ալեքսանյան, +109 կգ) մեդալներով գրավեց երրորդ տեղը։
25-ամյա Գոռ Միանյսանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, 2017 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Ունիվերսաիդա-2017-ի հաղթող, 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, 2016 Եվրոպայի փոխչեմպիոն, 2015 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2012 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ-20 փոխչեմպիոն:
30-ամյա Ռուբեն Ալեքսանյանը 2017 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի 2014 թվականի փոխչեմպիոն, 2009 եւ 2010 թվականների Եվրոպայի չեմպիոնն է։
Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)
NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում