16:24  ,  13 ապրիլի, 2019

ԵԱ․ Արփինե Դալալյանը գրավեց չորրորդ տեղը (ֆոտո)

Բաթումիում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը +87 կգ քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում Դալալյանը բարձրացրեց 105, հրում վարժությունում՝ 135 կգ։

Չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի Տատյանա Կաշիրինայի արդյունքն է 331 կգ (146+185)։

20-ամյա Արփինե Դալալյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է սկսած 2015 թվականից: 2016 թվականին Նորվեգիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արտաշես Ներսիսյանի գլխավորած թիմի կազմում 17-ամյա Արփինե Դալալյանը զբաղեցրել է 6-րդ տեղը երկամարտի 213 կգ արդյունքով: Նույն տարում հռչակվել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթող եւ Թբիլիսիում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում բավարարվել 7-րդ տեղով երկամարտի 211 կգ արդյունքով: 2016 թվականին Արփինե Դալալյանը մասնակցել է նաեւ Եվրոպայի պատանեկան առաջնությանը եւ գրավել առաջին տեղը՝ երկամարտի 2013 կգ արդյունքով: Իսկ արդեն աշխարհի պատանեկան առաջնությունում 2016 թվականին +69 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել:

2017 թվականին Տոկիոյում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը 90 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտի 234 կգ արդյունքով: 2017 թվականի Ալբանիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արփինե Դալալյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը +90 կգ քաշայինների պայքարում երկամարտի 228 կգ արդյունքով: 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությունից հետո ծանրորդուհին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում փոխչեմպիոնի կոչումն է նվաճել 232 կգ երկամարտի արդյունքով: Իսկ մեծահասակների աշխարհի առաջնությունում, Թուրքմենստանում բավարարվել է 18-րդ տեղի արդյունքով:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում