08:40  ,  13 ապրիլի, 2019

ԵԱ․ Վերջին օրը Հայաստանն ունի 6 մասնակից

Բաթումիում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին կունենա միանգամից 6 մասնակից. +87 կգ՝ Արփինե Դալալյանը, 102 կգ՝ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը  (+109 կգ):

20-ամյա Արփինե Դալալյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է սկսած 2015 թվականից: 2016 թվականին Նորվեգիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արտաշես Ներսիսյանի գլխավորած թիմի կազմում 17-ամյա Արփինե Դալալյանը զբաղեցրել է 6-րդ տեղը երկամարտի 213 կգ արդյունքով: Նույն տարում հռչակվել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթող եւ Թբիլիսիում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում բավարարվել 7-րդ տեղով երկամարտի 211 կգ արդյունքով: 2016 թվականին Արփինե Դալալյանը մասնակցել է նաեւ Եվրոպայի պատանեկան առաջնությանը եւ գրավել առաջին տեղը՝ երկամարտի 2013 կգ արդյունքով: Իսկ արդեն աշխարհի պատանեկան առաջնությունում 2016 թվականին +69 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալակիր է դարձել: 2017 թվականին Տոկիոյում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը 90 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտի 234 կգ արդյունքով: 2017 թվականի Ալբանիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արփինե Դալալյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը +90 կգ քաշայինների պայքարում երկամարտի 228 կգ արդյունքով: 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությունից հետո ծանրորդուհին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում փոխչեմպիոնի կոչումն է նվաճել 232 կգ երկամարտի արդյունքով: Իսկ մեծահասակների աշխարհի առաջնությունում, Թուրքմենստանում բավարարվել է 18-րդ տեղի արդյունքով:

Բաթումիում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում Արփինե Դալալյանը հայտավորվել է 240 կգ-ով: 250 կգ-ի հայտ է ներկայացրել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քամփբելլը, 270 կգ՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Լիսենկոն:

+87 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

102 կգ քաշայինների պայքարում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Արսեն Մարտիրոսյան եւ Սամվել Գասպարյան:

Արսեն Մարտիրոսյանը Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների արծաթե մեդալակիր է, 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Արսեն Մարտիրոսյանը Սիմոն Մարտիրոսյանի հարազատ եղբայրն է:

Սամվել Գասպարյանը 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է: 2016 թվականին Թբիլիսիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 4-րդ տեղը երկամարտի 359 կգ արդյունքով: 2016 թվականին Իսրայելում կայացած Եվրոպայի Մ-20 առաջնության բրոզնե մեդալակիր է 346 կգ արդյունքով: 2017 թվականին Եվրոպայի մեծահասակների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 375 կգ երկամարտի արդյունքով:

Իսկ Տոկիոյում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել 365 կգ երկամարտի արդյունքով: Նույն տարում Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն է 374 կգ երկամարտի արդյունքով:

Արսեն Մարտիրոսյանը հայտավորվել է 380 կգ-ով, իսկ Սամվել Գասպարյանը 390: Ամենաբարձր քաշը նախնական հայտով ներկայացրել է Սամվել Գասպարյանը:

102 կգ քաշայինների պայքարը ապրիլի 13-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 09:00-ին:

109 կգ քաշայինների պայքարում Բաթումիում հանդես կգա օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն:

Բաթումիում ավարտվող Եվրոպայի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալի միակ հավակնորդն է: Նա հայտավորվել է 420 կգ-ով՝ 15 կգ-ով ավել բոլոր մասնակիցներից: Այս քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանի հետ պայքարի մեջ կմտնեն 8 ծանրորդներ:

109 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 12:00-ին:

+109 կգ քաշայինների պայքարում Հայաստանը կներկայացնեն օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը: 25-ամյա Գոռ Միանյսանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, 2017 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Ունիվերսաիդա-2017-ի հաղթող, 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, 2016 Եվրոպայի փոխչեմպիոն, 2015 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2012 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ-20 փոխչեմպիոն:

30-ամյա Ռուբեն Ալեքսանյանը 2017 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի 2014 թվականի փոխչեմպիոն, 2009 եւ 2010 թվականների Եվրոպայի չեմպիոնն է։

Գերծանր քաշայինների պայքարում ոսկե մեդալի հիմնական հավակնորդը վրացի Լաշա Տալախաձեն է, ով նախնական հայտավորվել է 460 կգ-ով: Գոռ Մինասյանի նախնական հայտը 430 կգ է, իսկ Ռուբեն Ալեքսանյանինը 440:

+109 կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի առաջին ոսկե մեդալն է նվաճել Հակոբ Մկրտչյանը, նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Դավիթ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը 59 կգ քաշայինների պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը  9-րդն էր 73 կգ քաշայինների պայքարում, իսկ Ռաֆիկ Հարությունյանը 8-րդը՝ 81 կգ քաշայիններում: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 81 կգ քաշային կարգի պայքարում զրկվել էր ԵԱ-ին մասնակցելու իրավունքից անձնական քաշի ավել լինելու պատճառով:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս