19:00  ,  12 ապրիլի, 2019

ԵԱ․ Տաթեւ Հակոբյանը գրավեց չորրորդ տեղը (ֆոտո)

Բաթումիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը։

Պոկում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ 105 կգ։ Հրում վարժությունում Հակոբյանը բարձրացրեց 125 կգ։ Երկու վարժություններում էլ նա հաջողությամբ կատարեց մեկական փորձ։

Տաթեւ Հակոբյանը 2013 թվականի Եվրոպայի Մ-17 առաջնության բրոնզե մեդալակիր է (170 կգ երկամարտի արդյունք), 2017 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է: Նույն տարում Եվրոպայի Մ-23 փոխչեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում (228կգ երկամարտ): 2018 թվականի Հայաստանի չեմպիոնն է 90 կգ քաշայինների պայքարում, նույն տարում Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է 234 կգ երկամարտի արդյունքով: 2018 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությունն անհաջող է եղել Տաթեւ Հակոբյանի համար. նա 0  է ստացել:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի առաջին ոսկե մեդալն է նվաճել Հակոբ Մկրտչյանը, նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Դավիթ Հովհաննիսյանը: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը 59 կգ քաշայինների պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը  9-րդն էր 73 կգ քաշայինների պայքարում, իսկ Ռաֆիկ Հարությունյանը 8-րդը՝ 81 կգ քաշայիններում: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 81 կգ քաշային կարգի պայքարում զրկվել էր ԵԱ-ին մասնակցելու իրավունքից անձնական քաշի ավել լինելու պատճառով: 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը գրավել է չորրորդ տեղը։

Հայաստանի հավաքականի կազմում ապրիլի 13-ին ԵԱ-ի մրցահարթակ դուրս կգա եւս 6 մասնակից. +87 կգ՝ Արփինե Դալալյանը, 102 կգ՝ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը  (+109 կգ):

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում